Բիզնես

Գործարարի արտաքին տեսքը

Հագուստի կոկիկությունը հաճախ փոխկապակցվում է աշխատանքում կազմակերպվածության, իր և դիմացինի ժամանակը գնահատել կարողանալու հետ: Ոչ կոկիկ – խառնաշփոթ առաջացնող, մոռացկոտ բառերի հոմանիշն է: Գործարարի հագուստը, լինի կին թե տղամարդ, ընդունված է համարել գործարար պիջակը: Այդիսկ պատճառով հաճախորդի կամ պաշտոնական ընդունելության ժամանակ պատշաճ չէ կրել ջինսեր կամ սպորտային հագուստ:

Ահա գործարար պիջակներ կրելու մի քանի  կանոններ.

  • Փորձեք չառանձնանալ ձեր հագուստով աշխատանքային ժամանակահատվածում: Գործարարի պիջակի գույնը, հատկապես ձմռանը և վաղ գարնանը, չպետք է ունենա շատ բաց գույն: Առավել տարածված գույներն են սևը, մուգ կապույտը, մուգ մոխրագույնը:
  • Վերնաշապիկը, որը կրելու եք պիջակի հետ, պետք է ունենա երկար թևքեր: Էլեգանտ է համարվում, երբ դրա թևքերը մոտ 1.5-2 սմ-ի չափով երևում են պիջակի տակից: Լավ կլինի ընտրել այնպիսի վերնաշապիկ, որը կրծքավանդակի վրա չունենա գրպաններ:
  • Եթե դուք կրում եք պիջակ, ապա միշտ այն համադրեք փողկապի հետ: Փողկապի երկարությունը պետք է հասնի մինչև գոտու ներքևի հատվածը:
  • Երբեք մի համադրեք պիջակը սպորտային կոշիկների կամ սպորտային ոճի պայուսակի հետ: Այս իրերը իրենց նշանակությամբ անհամատեղելի են:

Որոշ ուղեկցող  խորհուրդներ.

  • Միշտ պատրաստ վիճակում պահեք փոխարինող պիջակը: Սա նաև վերաբերում է համապատասխան կոշիկներին, գուլպաներին, ճարմանդներին:
  • Պաշտոնական հանդիպման ժամանակ պիջակը պետք է լինի կոճկված: Այն լրիվ արձակված կարող է լինել միայն ուտելիս կամ թատրոնում նստած ժամանակ: Կանգնելով` անհրաժեշտ է կոճկել պիջակը մինչև  վերևի կոճակը:
  • Մի փորձեք շարժվել նորաձևության հետևից: Ավելի լավ է ունենալ ոչ մոդայիկ, բայց լավ տեսք, քան լինել մոդայիկ, բայց և վատ տեսքով:
  • Ձեզ մոտ ունեցեք երկու թաշկինակ: Դրանցից մեկը` «աշխատանքայինը», պետք է լինի տաբատի գրպանում: Երկրորդը` պարտադիր միշտ մաքուր, պիջակի կողքի գրպանում:

Առանձնացնենք գործարար կնոջ կերպարի մի քանի առանձնահատկություններ.

  • Գործարար կնոջ ամենօրյա հագուստը շրջազգեստն է կամ գործարար պիջակը:
  • Գործարար կնոջ հագուստը չպետք է շեղի նրա զրուցակցի ուշադրությունը: Այդիսկ պատճառով խորհուրդ չի տրվում կրել կարճ կիսաշրջազգեստներ, լայն բացվածքով հագուստներ, վառ գույներ: Առավել հաջողակ գույներ են մուգ կապույտը, բաց շագանակագույնը, բեժը, մուգ շագանակագույնը, մոխրագույնը, բաց կապույտը: Կարմիր գույնի հագուստը խորհուրդ է տրվում կրել բազմամարդ միջոցառումների ժամանակ` տարբերվելու համար:
  • Ցերեկը և ամռանը անհրաժեշտ է կրել առավել բաց գույներ ունեցող հագուստ, երեկոյան և ձմեռը` մուգ գույներ:
  • Եթե կինը նախընտրում է կիսաշրջազգեստը կամ զգեստը, ապա գործարար էթիկայի անփոփոխ կանոն է հանդիսանում  տարվա ցանկացած եղանակին կրել մարմնագույն զուգագուլպաներ: Հաճախակի և կոպիտ բացթողում է հանդիսանում ամռանը դրանց բացակայությունը:
  • Օծանելիքի օգտագործման «ոսկե կանոնն» է չափավորությունը: Մերի Էն Սաբատը` «Գործարար էթիկա» գրքի հեղինակը գրում է. «Եթե գիշերը դուք զգում եք ձեր օծանելիքի բույրը, ապա իմացեք, որ մյուս բոլորը արդեն խեղդվել են»:

Հեղինակի մասին

Թամարա Ավանեսյան

Թամարա Ավանեսյան

Մասնագիտությամբ իրավաբան է, 2011-ից առ այսօր աշխատում է «Խորհրդատու իրավաբան» իրավաբանական գրասենյակում, որպես տնօրեն: «Գործարար էթիկա» գրքի հեղինակն է: Կյանքում կարևորում է առաջին հերթին լավ մարդ, լավ ընկեր լինելը: