Բանաստեղծություններ

Ես էլ չեմ լինի

Ռուբեն Կարոյան
Հեղինակ՝ Ռուբեն Կարոյան

Մոլորված կանգնած ես մտորում եմ,
Հուշերից կառչած` փորձում եմ փնտրել
Սկիզբն այն թերության, որ առիթ դարձավ
Մեր մոլորության:

Ու մինչ ես կանգնած լուռ մտորում,
Մեր սիրո մասին զուգահեռ տանում,
Փնտրում եմ եզրեր նորի և հնի,
Քաջ գիտակցում եմ՝ ևս մեկ վայրկյան,
Ու ես չեմ լինի:

Ոչ թե չեմ լինի մարմնում ինձ տրված,
Այլ կհեռանամ քեզանից լքված:

Վերադարձն անշուշտ լավ է խորթ ժայռից,
Երբ կարոտ ունես հայրենի վայրից,
Բայց երբ քեզ թողնեմ ու վերադառնամ,
Ու՞ր գնամ, կասե՞ս, և ու՞մ մոտ մնամ,
Կամ ո՞վ կընդունի սիրտս փշրված,
Ու՞մ է պետք արծիվ՝ թևը կոտրած:

Գուցե կարդում ես կամ լսում միտքս,
Երկար է գուցե կամ էլ ձանձրալի,
Ո՞վ գիտի, գուցե մտքումդ հիմա
Խորհում ես թաքուն, թեկուզ ակամա.
«Հոգնում եմ արդեն ձայնդ լսելուց,
Ինչպե՞ս չես սպառվում այսքան գրելուց,
Քիչ էլ կլռեմ, ու կդիմանամ
Թմրեցնող գրչիդ՝ ինչպես թունդ գինի,
Մեկ է, շատ շուտով դու էլ չես լինի»:

Գուցե ես ճիշտ եմ, միգուցե սխալ,
Գուցե սիրու՞մ ես սրտիս հետ խաղալ,
Չգիտեմ ավաղ, չեմ կարող ասել՝
Ինչու ես սերս դու ցածր դասել,
Բայց մի բան հաստատ զգում եմ իմ ներսում,
Կզգաս այնժամ, երբ կլինեմ դրսում.

Այո՛, միգուցե վանում ես հեռու,
Ու վայրկյաններ անց էլ չեմ լինելու,
Մեկ է, մեր աչքերն իրար կփնտրեն,
Ձեռքերս էլ դարձյալ ձեռքդ կխնդրեն,
Մեր հուշերը մեզ հանգիստ չեն թողնի,
Սիրտս կլացի սրտիդ փոխարեն,
Ափերս կգան դեմքդ կշոյեն,
Համբույրս շուրթիդ ժպիտ կհյուսի,
Ու մի ծանոթ ձայն երազում կասի.

«Քիչ էլ դիմացի, ու լաց մի լինի,
Մի վայրկյան էլ, ու ես էլ չեմ լինի»:

Ռուբեն Կարոյան

Հեղինակի մասին

Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյան