Բանաստեղծություններ

Մեր բաժանմամբ ո՞վ շահեց

Ռուբեն Կարոյան
Հեղինակ՝ Ռուբեն Կարոյան

Շարունակ քեզ եմ փնտրում
Ամբոխի մեջ քայլելիս,
Ուզում եմ որ իմանաս.
Կարոտել եմ սիրելիս:

Թե պատահմամբ հանդիպենք,
Մի հարց ունեմ քեզ տալու,
Ասա ինձ, միայն անկեղծ,
Քեզ ինչքա՞ն եմ սպասելու:

Արի թեկուզ ձեռնունայն,
Նվերներ ինձ չեն հուզում,
Ծաղիկ էլ չէ, ես միայն
Կողքիդ նստել եմ ուզում:

Առաջին սեր, դու անկեղծ,
Ինձ էլ չես այցելելու,
Մեկ էլ կսիրեմ, իսկ քեզ,
Քեզ էլ չեմ երազելու:

Կարոտել եմ սիրելիս,
Քեզ ինչքա՞ն եմ սպասելու,
Կողքիդ նստել չեմ ուզում,
Քեզ էլ չեմ երազելու:

Սրտումս դեռ կա մի ցավ,
Զուր եմ մարդկանց վստահել,
Մեկն ինձ օգնել կամեցավ,
Սերդ հենց նա է պահել:

Նրան շատ մոտ թողեցինք,
Քեզ առավ սրտում պահեց,
Իսկ մեր սերը թաղեցիք:
Մեր բաժանմամբ նա շահեց:

Պատմությունը դաժան է,
Թե վերջում սեր է մարում,
Նրան, ով մեզ բաժանեց,
Ի՞նչ սրտով ես դու սիրում:

Բայց չկարծես թե անսեր,
Կամ անհույս եմ ես հիմա,
Այնքան սիրտ է ինձ սիրում,
Ցավն էլ սրտիս չի տիրում:

Նա, որ սրտում քեզ պահեց,
Մեր բաժանմամբ էլ շահեց,
Թե ի՞նչ սրտով ես սիրում,
Ցավն էլ սրտիս չի տիրում:

Երջանիկ լինենք կյանքում,
Ես իմ ճամփով, դու էլ քո,
Ինձ մեծ ուղի է սպասվում,
Աստծո շնորհի ներքո:

Ռուբեն Կարոյան

Հեղինակի մասին

Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյան