Բանաստեղծություններ

Մարդ ծնվելը դեռ ոչինչ է

Ռուբեն Կարոյան
Հեղինակ՝ Ռուբեն Կարոյան

Միայն տղա ծնված մեկը
Այնքան շատ է հղփացել`
Չի հիշում, թե երբ է մարդկանց
Վերջին անգամ ժպտացել:

Ծաղիկ նվիրելն իր մորը
Ամոթ բան է համարում,
Հարազատ աղքատ եղբորը
Տեսնում է, արհամարում:

Հյուր գնալիս տանտիրոջը
Անարգ խոսքեր է ասում,
Իր խնամող բուժքրոջը
Ծեծում է ու վնասում:

Հետո իր մեջ մրթմրթում է,
Թե ինչու հյուր չեն կանչում,
Կամ հիվանդ եմ` բժիշկ չկա,
Ցավից հազիվ եմ շնչում:

Համեստ մարդկանց շրջապատում
Ուզում է թագավորի,
Իսկ երբ թեթև վախն է պատում,
Զանգն է հիշում քավորի:

Քո պեսին ո՞վ աղջիկ տվեց,
Արժանացրեց պսակի,
Խելք ու վարքում նեղն ընկնելիս`
Զոռ ես տալիս քսակին:

Սուտ է, թե իր կյանքում տղան
Պետք է տղա ունենա,
Ծառ տնկի ու տուն կառուցի,
Եվ այսքանով հիանա:

Ծառ տնկելը դեռ շատ է քիչ`
Պետք է խնամող լինես,
Միայն տղա ունենալն ի՞նչ.
Հայրություն արդյոք կանե՞ս:

Տուն կառուցելն էլ իր հերթին,
Նման չէ մի շքերթի,
Պետք է գլու՛խ լինես տանը,
Հեշտ չի տղա լինելու բանը:

Հաց ուտելը հեշտ է եղբայր,
Բայց այն ի՛նքդ վաստակիր,
Թե քեզ երբեք չեն խրատել,
Գոնե դու՛ քեզ ապտակիր:

Ոչ թե փողը կամ ոսկեղեն,
Այլ ապտա՛կը մարդ կշինի,
Ու ապտակով սնված տղեն
Առանց աստիճան չի լինի:

Մարդ ծնվելը դեռ ոչինչ է.
Ներսդ պիտի մարդ շինես,
Տղա ծնվելն էլ դեռ քիչ է`
Պետք է տղամա՛րդ լինես:

Ռուբեն Կարոյան

Հեղինակի մասին

Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյան

Մեկնաբանել գրառումը