Ապրելակերպ Սպորտ

Ստեղծի՛ր քոնը. Մեսսին և ընկերները՝ նոր գովազդային հոլովակում (վիդեո)

Աշխարհում շատ են տաղանդավոր ֆուտբոլիստները: Բայց քչերին է հաջողվում նվաճել մեծ բարձունքներ:

Իդեպ

Նրանցից մեկը՝ մեր բոլորի սիրելի Հենրիխ Մխիթարյանը, ժամեր առաջ դարձավ հեթ-տրիկի + գոլային փոխանցման հեղինակ, և հենց նրա ցուցադրած ֆանտաստիկ խաղի շնորհիվ Բորուսիան բազմահազար հանդիսականների աչքի առաջ քարը քարի վրա չթողեց մրցակից Վոլֆսբերգերից (խաղն ավարտվեց 5-0 հաշվով՝ հօգուտ դորտմունդցիների): Պատկերացրե՛ք՝ լեփ-լեցուն Սիգնալ Իդունա Պարկ մարզադաշտը՝ ավելի քան 80 հազար հանդիսական, մեկ մարդու նման, շարունակաբար հոտնկայս բղավում են՝ Մխի՜-թա՜ր-յա՜ն, Մխի՜-թա՜ր-յա՜ն, Մխի՜-թա՜ր-յա՜ն… Ընդամենը 13 րոպեում խփելով 3 գոլ՝ Հենոն նորովի մտավ պատմության մեջ՝ հայտնվելով 15 ամենաարագ հեթ-տրիկ ձևակերպած ֆուտբոլիստների ցուցակում: Հանդիպման լավագույն դրվագները և Մխիթարյանի հետխաղային հարցազրույցը կարող եք դիտել այստեղ:

Henrikh Mkhitaryan

Հենրիխ Մխիթարյանը

Ինչպե՞ս լինել հաջողակ

Այս հարցը բոլորին է հետաքրքրում: Հազիվ թե որևէ մեկը գեթ մեկ անգամ ինքն իրեն հարցրած չլինի՝ լավ, ես ինչպե՞ս կարող եմ հաղթող լինել այս կյանքում, ինչո՞ւ ինձ մոտ չի ստացվում, և այլն:

Վերջապես, ի՞նչ է հարկավոր հաջողակ լինելու և այլոց համար հիանալի օրինակ դառնալու համար:

Մարդիկ, ովքեր նկարահանվել են այս գովազդում, ձեզ քաջ ծանոթ գերաստղեր են՝ Լիոնել Մեսսի, Գարեթ Բեյլ, Մեսուտ Օզիլ, Խամես Ռոդրիգես, Թոմաս Մյուլլեր… Ընդամենը 90 վրկ, և դու կիմանաս, թե ինչպես է դա նրանց մոտ ստացվում:

thomas-muller

Թոմաս Մյուլլերը

Բայց մինչ այդ խորհի՛ր. նրանք միլիոնավոր, եթե ոչ միլիարդավոր մարդկանց սիրելին են դարձել՝ գլխավորապես իրենց պրոֆեսիոնալիզմի շնորհիվ:

Ի՞նչ է պրոֆեսիոնալիզմը

Դա բնավորություն է: Գործին ճիշտ մոտեցող մարդը միշտ էլ կհասնի հաջողության: Թեև երբեմն ձախողվի, բայց երբեք չի հանձնվի. դա ամենամեծ հաղթանակներից մեկն է: Քո վերաբերմունքից է կախված, թե ինչ ինտենսիվությամբ կմարզվես և ինչ արդյունք կունենաս: Այս ամենն իհարկե միայն սպորտին չի վերաբերում:

Դու յուրահատուկ ես

Ցանկացած մարդ աննման է: Անգամ զույգ եղբայրներն ու քույրերը իրարից շատ տարբեր են լինում: Համաձայնեք, որ հետաքրքիր չէր լինի, եթե աշխարհում բոլորս իրար նման լինեինք, կամ ասենք թե լինեին 2 միլիարդ Մեսսիներ, 2 միլիարդ Ռոնալդոներ, Զիդաններ և այլն: Գիտեք, ամեն մարդու մեջ ստեղծարար ուժ կա, և սա յուրահատուկ առանձնաշնորհ է: Բայց մի կարևորագույն նմանություն կա, որ բոլոր մարդիկ ունեն. «Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով և նմանությամբ». ասում է Աստվածաշունչը:

be-unique

Դու յուրահատուկ ես

Ամենաթանկ բանը

Նոր գաղափար. ևս մեկ բան, որը փնտրում է այսօր ամբողջ աշխարհը: Տեխնիկապես գրեթե ամեն ինչ հնարավոր է կատարել. միայն թե ի՞նչ անել հաջորդը: Քեզ ի վերուստ ստեղծագործելու իշխանություն է տրված. արթնացրո՛ւ քո ներսի արարչին:

Ո՛չ ասա լճացմանը

Երբեք չհուսահատվե՛ս, այդ բառը ջնջի՛ր բառարանիցդ: Մտածի՛ր, կարդա՛, երազի՛ր, ժպտա՛, ստեղծագործի՛ր: Սիրի՛ր կյանքը, սիրի՛ր մարդկանց: «Զարնթի՛ր, իմ քնա՛ր, արթնացի՛ր, իմ փա՛ռք, իմ ուրախությո՛ւն, իմ սիրո՜ ճախրանք». սաղմոսերգու Դավթի խոսքերն են, ով նաև աշխարհակալ թագավոր էր:

Մի՛ եղիր կրկնօրինակ. օրինակ վերցրո՛ւ այս կյանքի չեմպիոններից, բայց ինքդ էլ մի՛ դադարիր աչքիդ առաջ ունենալ քեզ հասանելիք գավաթները, որ դեռ պետք է նվաճես՝ աշխատասիրությամբ, ինքնակրթությամբ, մարդկային որակներով և արժեքներով:

Դու չեմպիոն ես

Դիտի՛ր գովազդային այս նոր տեսահոլովակն ու հետևի՛ր չեմպիոնների խորհրդին: Ստեղծի՛ր քոնը: Չմոռանա՛ս քաջալերել քո ամենամտերիմ ընկերոջը, որպեսզի նա էլ վայելի հաղթող լինելու անպատմելի բերկրանքը:

Հեղինակի մասին

Սուրեն Սահակյան

Սուրեն Սահակյան

Ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի մագիստրատուրան: ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվել է անվանական ժամացույցով: Շախմատի Երևանի չեմպիոն է: Սիրում է ֆուտբոլ, որակյալ երաժշտություն և այն ամենն, ինչ գեղեցիկ է: