Փիլիսոփայություն

Չգնահատված բարություն

Հիվանդասենյակում երկու հիվանդ էին պառկած։

Մեկը պատուհանի մոտ էր, մյուսը դռան։ Դռան մոտի հիվանդը միշտ հարցնում էր, թե ի՞նչ է տեսնում պատուհանի մոտ պառկածը։

– Օ՜, ես տեսնում եմ արև, երկինք, ամպեր, տեսնում եմ գետ, թե ինչպես են ձկնորսները ձուկ որսում գետում։

Եվ այսպես ամեն օր պատմում էր, թե ի՞նչ կա պատուհանից այն կողմ։

Այդ ընթացքում նրա հարևանը լուռ նախանձում էր նրան, որովհետև չէր հասկանում, թե ինչու՞ են իրեն դռան մոտ պառկացրել, իսկ հարևանին՝ պատուհանի։
Մի անգամ պատուհանի մոտի հիվանդը սկսում է ուժեղ հազալ ու խեղդվել։ Նա փորձում է կոճակը սեղմել, որպեսզի կանչի բուժքրոջը, սակայն չի կարողանում։

Դռան մոտի պառկած հարևանը լուռ հետևում է նրան, սակայն, ոչինչ չի անում…

Որոշ ժամանակ անց պատուհանի մոտ պառկած հիվանդի անկողինը դատարկ էր։ Դռան մոտի հիվանդը խնդրում է, որպեսզի իրեն տեղափոխեն պատուհանի մոտ:

Բուժքույրն օգնում է նրան տեղափոխվել։

Եվ առաջին բանը, որ անում է հիվանդը, դուրս նայելն է լինում։ Սակայն, նա պատուհանից այն կողմ տեսնում է ինչ-որ շենքի պատ միայն։
– Ո՞վ է այստեղ պատ շարել, ինձանից առաջվա հիվանդը ասում էր, որ այստեղից գետ է տեսնում, մարդկանց, երկինքն ու արևը…
Բուժքույրը տխուր ժպտում է․
– Նա ընդհանրապես չէր կարող ոչինչ տեսնել։ Նա կույր էր։
– Բայց ինչու՞ է այդ ամենը ինձ պատմել։
– Երևի ցանկացել է Ձեզ մի փոքր երջանկացնել։

Գրառում՝ Արման Գալստյան

Ցավոք երբեմն կույրերը ավելի լավ են տեսնում, քանց թե տեսնողները:  Ռեյ Չարլզ

Մարդու ներսի աչքերն են օգնում դրսի աչքերին, որպեսզի իրական գեղեցկությունը տեսնի: Ռեյ Չարլզ

Ես երբեք էլ կույր չեմ եղել, քանի որ այնպիսի բաներ եմ տեսել և նկատել, որ իրենց տեսնող կոչող մարդիկ այն չեն էլ նկատել: Սթիվի Ուոնդեր

Մարդու աչքերի իրական տեսողությունը ներսից է լինում, այլ ոչ թե դրսից: Եվ մարդու ներսի աչքերն են նրան հույս, հավատ և սեր տալիս: Սթիվի Ուոնդեր

Ակնհայտ է, որ կուրությունն հաճախ անբացատրելի տեսունակությունն է, որն օգնում է քայլել ժամանակից առաջ:

Նրանց հաջողվել է նոր հայացք ու մոտեցումներ նվիրել մարդկանց դեպի արվեստը, մեղեդին: Սովորենք նրանցից նորը տեսնել ամեն ինչում, չգնալ միշտ ծանոթ ճանապարհով, զգանք կյանքի շարժումն ու ներդաշնակ լինենք լույսին:

Լռությունն է բարբառն Աստծո և շռայլ են Նրա պարգևները, եթե լսել գիտես ու տեսնել ոչ միայն աչքերով: Հայկ Բլբուլյան

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: