Փիլիսոփայություն

Եթե նկարեն քո կյանքի կտավին…

Աղջիկը փողոցով անցնելիս, լսում է թե ինչպես տղաները ետևից վատաբանում են իրեն:

Լացակումած և վրդովված տուն է գալիս և պատմում է իր պապիկին դեպքի մասին: Պապիկը ուշադիր լսելով աղջկան պատասխանում է.
– Սիրելի թոռնիկս, այդ տղաները ամենևին մեղավոր չեն, այդ առիթը դու ինքդ ես նրանց տվել:

Աղջիկը էլ ավելի վրդովվելով, նեղացած փակվում է իր սենյակում:

Այդ ամենից հետո, պապիկը խնդրում է թոռնիկին, որ վաղը իրեն ուղեկցի իր վաղեմի նկարիչ ընկերոջը:

Առավոտյան նրանք միասին գնում են նկարչի տուն և պապիկը խնդրում է իր նկարիչ ընկերոջը, որ թոռնիկին ցույց տա իր լավագույն նկարները երբևիցե նկարված:

Նկարիչը ցույց է տալիս այն նկարները, որոնք արժանացել են բարձր գնահատականի: Նկարներին նայելով, պապիկը ընկերոջը հարցնում է, թե ինչպե՞ս է ստացվում, որ այդքան գեղեցիկ են նկարները լինում: Նկարիչը մի պահ լռելով, պատասխանում է.
– Հարգարժան հյուրեր, գիտե՛ք ամեն ինչ չէ, որ մեզանից է կախված: Նկարիչը նկարում է միայն այն, ինչ նա տեսնում է, ինչքան էլ լավ նկարիչ լինի, միևնույն է, եթե պատկերը գեղեցիկ չլինի, նկարիչը չի կարող այն գեղեցկացնել, հակառակ դեպքում կլինի այն կեղծ:

Մենք կտավի վրա պատկերում ենք միայն այն, ինչ տեսնում ենք, լինի տգեղ թե գեղեցիկ, դա կախված չէ նկարչից, այդ ամենը կախված է պատկերից, նկարչից միմիայն կախված է, որ այդ պատկերը ճշգրտությամբ տեղադրի կտավի վրա:

Միևնույն ժամանակ ցույց տալով մի նկար, ավելացնում է. – տեսեք այս նկարը ես նկարել եմ իմ հասուն տարիքում, բայց ցավոք այն արժանացել է ոչ այդքան լավ գնահատանքի, պատճառը ոչ թե ես էի թերացել, այլ ընտրված պատկերը, այն այդքան էլ տպավորիչ, գեղեցիկ չէր, դա էր միակ պատճառը:

Նկարչի խոսքի ավարտից հետո, պապիկը թոռնիկին ասում է.

– Տեսնու՞մ ես սիրելիս, միշտ չէ որ նկարիչներն են մեղավոր, այլ պատկերները: Հիմա հասկանու՞մ ես, թե ես ինչ էի քեզ ուզում բացատրել: Շատ անգամ մենք մեղադրում ենք մարդկանց, բայց մենք` ինքներս ենք մեղավոր լինում, մեր վարքով, տգեղ պահվածքով խոսակցության առիթը լինում: Մեզ շրջապատող մարդիկ ճիշտ նկարիչի նման են, մեր կյանքի կտավի վրա նկարում են այն ինչ տեսնում են, իսկ մենք էլ վրդովվում ենք, թե ինչու գեղեցիկ չեն նկարում, չհասկանալով, որ մենք` ինքներս ենք նրանց տգեղ տեսարան ցույց տալիս:

Մենք տեսարանն ենք, նկարիչները նրանք՝ մեզ շրջապատող մարդիկ, իսկ պատկերը ինչ նրանք նկարում են, մեր իսկ կողմից թույլ տված արարքն է, մեր վարքը, պահվածքը:

Սիրելի թոռնիկս, ցույց տուր քեզ շրջապատող մարդկանց քո պահվածքով, հագուստով, խոսքով, վարքով և ապրելակերպով գեղեցիկ տեսարան ու ականատես կլինես, թե ինչպիսի գեղեցիկ պատկեր են իրենց իսկ բերանով քո կյանքի կտավի վրա նկարում հենց նույն այդ մարդիկ:

Յուրաքանչյուր մարդ կարող է լինել և՛ գեղեցիկ, և՛ տգեղ տեսարան նկարչի համար, դա լոկ իրենից է կախված:

Մեզ շրջապատող մարդիկ միայն նկարիչներ են, նրանք կարող են միայն նկարել այն՝ ինչ տեսնում են: Իսկ պատկերը մենք ենք նրանց ցույց տալիս, դա մեր վարքն է:

Նայելով կտավին մենք ինքներս մեզ ենք տեսնում: Նեղանալ նկարիչներից հիմարություն է: 

Եթե ցանկանում ես մարդիկ գեղեցիկ նկարեն քո կյանքի կտավի վրա, շարունակիր ապրել գեղեցիկ:

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: