Ֆիլմեր

Գիքորը (Հայֆիլմի ոսկեդարան)

Ֆիլմ, որը օրիգինալ պատմվածքից ոչ պակաս հուզեց ու տպավորվեց հանդիսատեսի սրտում։
Ֆիլմ, որը հիրավի դասվեց հայկական կինոյի պատմության ոսկե ձեռքբերումների շարքում։

Ֆիլմ, որն օրիգինալ էր այնքանով, որ Գիքորի դերակատարն ինքն էլ մի գյուղացի հասարակ երեխա էր, ով չէր էլ պատկերացնի, որ մի օր կնկարահանվեր մի ֆիլմում, որը նրան այնքան ճանաչում կբերեր ու կշփվեր այնպիսի մեծերի հետ, որի երանությունը նա պիտի գիտակցեր միայն տարիներ անց։

1982 թվականին որոշում է Հայֆիլմը, ի դեմս Հենրիկ Մալյանի եւ Սերգեյ Իսրայելյանի, պատրաստվում էին էկրանավորել հայ-գրականության դասական գոհարներից մեկը՝ «Գիքորը» պատմվածքը։ (Սա Հայֆիլմի պատմության մեջ երկրորդ էկրանավորումն էր։ Առաջին անգամ այն էկրանավորվել է 1934 թվականին)։ Ամեն նախապատրաստություն արդեն գրեթե տեսած էր, դերասանական կազմն ընտրված։ Մնում էր Գիքորի դերակատարի ընտրության հարցը։ Բազմաթիվ տաղանդավոր, դերասանական փորձ ունեցող երեխաների էին փորձել քասթինգի ժամանակ, սակայն ոչ ոք չէր կարողանում համոզիչ մարմնավորել գյուղացի միամիտ երեխային։

– Սրանք ասֆալտի վրա մեծացած երեխեք են, Հենրիկ ջան, – արտահայտվեց Համբոյի դերակատար Սոս Սարգսյանը,- սրանք Գիքոր չեն դառնա։ Գիքորին պետք է փնտրել լոռեցի երեխաների մեջ։

Անսալով Սոս Սարգսյանի առաջարկին՝ որոշում են Գիքորի դերակատարին փնտրել լոռվա գյուղերից որևէ մեկում, և մի օր Հենրիկ Մալյանը, Սոս Սարգսյանն ու Սերգեյ Իսրայելյանը մեկնում են Դսեղ՝  Թումանյանի ծննդավայրը։

Գյուղի դպրոցին հարող խոտածածկ դաշտում մի խումբ գյուղացի երեխաներ էին խաղում, և մեր հյուրերը մոտենում են նրանց, ու կանչում նրանցից մեկին։ Մոտենում է Ալբերտը։ Սկսում են հարց ու փորձը։ Եվ ահա փոքրիկին երբ հարցնում են, թե ո՞ր դասարանում է սովորում, նա լոռեցուն հատուկ միամիտ զարմանքով վրա է բերում․
– Մեր դասարանում եմ սովորում, ո՞ր դասարանում պիտի սովորեմ։

Բոլորը ծիծաղից թուլանում են, և Սոս Սարգսյանը, գրկելով, շոյելով նրա գլուխը, հայտարարում է․
– Ահա՛ նա, ես գտա իմ Գիքորին։

Հեղինակի մասին

Հրայր Ղուլինյան

Հրայր Ղուլինյան

Ծնվել է Վանաձորում, ավարտել Դսեղի՝ Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը։ Գրում է բանաստեղծություններ, ակնարկներ, հոդվածներ և սցենարներ։ Սիրում է կարդալ, լուսանկարել, նկարել, հաստատել նոր ծանոթություններ։ Մարդկանց մեջ գնահատում է անկեղծությունը, հավատարմությունը, փոխադարձ սերն ու հարգանքը։