Ապրելակերպ

Մի քանի գաղտնիք ընկերության մասին

Մենք` բոլորս, մտորում և խորհում ենք, ինչպես նաև հանդիպում համացանցում բազմաթիվ քննադատությունների, մտքերի ու կարծիքների ընկերության և սիրո մասին։ Բոլորն էլ ցանկանում են գտնել այն միակ, իրական, ճշմարիտ ընկերության սահմանումը, որը կընդունվի բոլորի կողմից։մարդիկ

Հաճախ ենք հանդիպում և փորձում  պատասխանել այնպիսի հարցերի, ինչպես՝ ինչ՞ն է առավել կարևոր ընկերության մեջ, ինչ ՞ն ենք գնահատում, որ ՞ն է անկեղծությունը, ինչ ՞ն ենք ներում, ինչ ՞ը չենք կարող ներել։ Որոշ մարդիկ էլ կարծում են, որ շատ ընկերական հարաբերություններ ունեն միայն շահադիտական նկատառում, որ կառուցվում են ստի ու անվստահության հիման վրա։

Ո՞րն է այս ամենի մեջ իրականն ու ճշմարիտը։

Իրականում մարդիկ պետք է գիտակցեն և հիշեն, որ ընդհանրապես ոչ մի «ընկերություն» էլ գոյություն չունի։ Գոյություն ունեն հարաբերություններ մարդկանց միջև, որոնք կարելի է այս կամ այն կերպ բնութագրել, և կա սովորություն, ընդունված հասարակության մեջ, որոշակի տիպի հարաբերությունները անվանել ընկերություն, կամ սեր։ Բայց ոչ մի ինքնուրույն հասկացություն «ընկերություն» անվանմամբ գոյություն չունի։ Կան իրական, կենդանի հարաբերություններ, որոնք անհատական են, յուրօրինակ ու ինքնատիպ։ Ոչ մի հարաբերություն չի կրկնվում, ինչպես չեն կրկնվում անհատականությունները։ Եվ մարդկանց զգացողությունները, ապրումները հարաբերություններում նույնպես չեն կրկնվում։

Իսկ իրական ընկերություն՞ը։

Այս տեսանկյունից իրական ընկերություն հասկացությունն իր բնույթով ապսուրդային է։ Եթե իրականում մենք ունենք միայն կոնկրետ փոխհարաբերություններ կոնկրետ մարդկանց միջև, ապա ինչպե՞ս կարելի է առանձնացնել իրականը կեղծից, կամ անիրականից։ Ո՞վ կարող է դատել դրանց իրականության և անիրականության մասին և լինել լիովին ճիշտ։

Այնուամենայնիվ հասարակության մեջ ընդունված է որոշակի սահմաններ տանել։ Եվ դա մենք հիմնականում անում ենք գնահատման արհեստական սանդղակներ ստեղծելու շնորհիվ։ Դրանք կառուցվում են վերը նշված հարցերի պատասխանների խմբավորման, դրանց հիման վրա եզրակացություններ անելով։ Բայց այդ ամենը կրում է անհատական բնույթ և չի կարող մեկ ընդհանուր ճշմարտության հիմք ծառայել։ Այս իրավիճակը կարելի է համեմատել ծովի ալիքների դիտելուն։ Կան ալիքներ, որ գնում են աջ, և կան ալիքներ, որ գնում են ձախ։ Հիմա որո՞նք են նրանցից իրական։ Ինչպե՞ս տարբերել մի ալիքը մյուսից, եթե դա կախված է միայն դիտորդի դիրքից և հայացքից։ բնությունՊարզապես ընդունված է համարել, որ փոքր ալիքները ընկերությունն են, իսկ մեծ ալիքները սերն են։ Իսկ երբևէ փորձել ե՞ք տեսնել, թե ինչ կա այդ ալիքների ներսում, խորքում, որ չի երևում անզեն աչքով։

Իրականում ի՞նչն է ավելի կարևոր։

Կարևոր են արդյոք այն պիտակները կամ բնորոշումներն ու սահմանումները, որ մենք տալիս ենք երևույթներին։ Այո, միանշանակ դրանք կարևոր են, քանի որ տալիս են որոշակիություն և հստակություն, հիմք, որի վրա հենվելով կարելի է կառուցել կյանքը։ Բայց միևնույն ժամանակ դրանք սահմանափակում են մեր մտածողությունը, դարձնում այն շաբլոնային և կարծրատիպային։ Մենք փակում ենք ինքներս մեզ նեղ սահմանների մեջ և այլևս չենք ուզում մտածել։

մարդիկ և կենդանիներԵթե դուրս գանք պայմանականությունների, սահմանումների, պիտակների ազդեցությունից և ինքներս մեզ հարցեր տանք, սովորենք գնահատել մեր դիմացիններին հարգել նրանց, ապա կտեսնենք, որ յուրաքանչյուր հարաբերություն, լինի ընկերական, ընտանեկան թե սիրային, իր հետ բերում է նոր ապրումներ, տպավորություններ, թեկուզ և ինքներս մեզ ճանաչելու հնարավորություն, «ուրիշին» հասկանալու հնարավորություն։ Յուրաքանչյուր հարաբերություն անկրկնելի է և արժեքավոր է ինքն իրենով։

Հեղինակի մասին

Մարիամ Պետրոսյան

Մարիամ Պետրոսյան

Ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրան: Պարբերաբար անցկացնում է սեմինարներ և թրեյնինգներ՝ ձգտելով նպաստել երեխաների և մեծահասակների ստեղծագործ մտքի զարգացմանը։ Սիրում է հավաքել փայտե մակետներ, զբաղվել ձեռագործությամբ: