Ապրելակերպ

Երջանկությունը որքանո՞վ կապ ունի գումարի հետ: Գիտական հետազոտություն

Ինչպե՞ս են կապված գումարը և երջանկությունը։ Արդյո՞ք հնարավոր է գնել երջանկություն։

Այս և նմանատիպ հարցերը մշտապես հետաքրքրել են մարդկանց, մտավորականներին և փիլիսոփաներին։ Բայց այժմ այս հարցերով սկսել են հետաքրքրվել նաև հոգեբան վերլուծաբանները։

ԱՄՆ-ում անցկացվել են մի շարք լայնածավալ հետազոտություններ, որոնց շրջանակներում փորձել են պարզել կապվա՞ծ է գումարը երջանկության հետ և որքա՞ն գումար է անհրաժեշտ երջանիկ լինելու համար։ Այդպիսի հետազոտությունները մեզ կարող են անհավանական և անհիմն թվալ, բայց իրականում այժմ մարդիկ մեծամասամբ իրենց կյանքի որակը պայմանավորում են նյութական արժեքների առկայությամբ։ Եվ ավելորդ չէր լինի պարզելը, թե ինչ դեր են դրանք խաղում մարդու երջանկության, բարեկեցության զգացողությունների ապահովման հարցում։

Եվ այսպես։

Առաջին հետազոտությունն իրականացվել է 1957թ․-ին։ Այն հարցին, թե բավարարված եք նրանով, ինչ այժմ ունեք, դրական են պատասխանել միայն հարցվածների մեկ երրորդ մասը։ Հետազոտությունը կրկնվել է 1992թ.-ին և արդյունքում դրական պատասխանողների քանակը մնացել է նույնը։ Դա այն դեպքում, երբ ընդհանուր կենսամակարդակը երկրում զգալիորեն լավացել է։ Կյանքի պայմանները լավացել են, բայց երջանկությունը չի ավելացել։ 

Հետագայում գիտնականները փորձել են պատասխանել նաև այն հարցին, թե որքան գումար է անհրաժեշտ երջանիկ լինելու համար։ Բազմաթիվ վերլուծությունների, հարցումների արդյունքում պարզել են, որ ամերիկացի մարդուն հարկավոր է ամսեկան 6000 դոլար։ Իսկ որքա՞ն գումար է հարկավոր Ձեզ։

Մի քանի հետաքրքիր փաստեր մարդկանց, երջանկության և գումարների մասին, որ ստացվել են հետազոտությունների ընթացքում։

  • Մարդկանց երջանիկ են դարձնում այն գումարները, որոնք նրանք կարող են արագ և հեշտ տնօրինել։
  • Երջանկության մակարդակի վրա մեծ ազդեցություն ունի մշտական և կայուն եկամուտը:
  • Մարդիկ իրենց ավելի երջանիկ են համարում, երբ տիրապետում են որոշակի նյութական բարիքների։
  • «Պատահականորեն» ձեռք բերված, թեկուզ և մեծ գումարները երջանկության աղբյուր չեն հանդիսանում։

Իհարկե գումարի և հարստության բացակայությունը դեռևս չի արգելում երջանիկ լինել, բայց պետք է խոստովանել, որ մեծամասամբ խոչընդոտում է։ Շատ քչերն են մեր մշակութային համակարգում ընդունակ հրաժարվել նյութական բարեկեցությունից և պահպանել դրական վերաբերմունքը աշխարհին։

Այնուամենայնիվ, եթե մենք կարողանանք մեր գումարներն ուղղել դեպի ինքնազարգացումը, մեր արժեքների, վերաբերմունքների փոփոխությանը, ապա գումարն իրականում կարող է օգնել մեզ լինել երջանիկ։

Հեղինակի մասին

Մարիամ Պետրոսյան

Մարիամ Պետրոսյան

Ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրան: Պարբերաբար անցկացնում է սեմինարներ և թրեյնինգներ՝ ձգտելով նպաստել երեխաների և մեծահասակների ստեղծագործ մտքի զարգացմանը։ Սիրում է հավաքել փայտե մակետներ, զբաղվել ձեռագործությամբ: