Բիզնես

Ինչպե՞ս գտնել հաջողության բանալին

Եթե ցանկանում ես հասնել հաջողության, շարունակիր հավատալ ինքդ քեզ նաև այն ժամանակ, երբ ուրիշներն արդեն չեն հավատում։ Աբրահամ Լինկոլն

Ինքնավստահ մարդիկ միշտ մեծ ազդեցություն ունեն շրջապատողների վրա։

Միայն հանգիստ վստահությունը կարող է մեր շուրջը ստեղծել ձգողականության դաշտ, որը մարդիկ զգում են հեռվից։ Միայն ներքին ուժը կարող է մեզ օգնել դիմակայելու ցանկացած իրավիճակում։

Ինքնավստահ մարդիկ մյուսներից ավելի արագ են հասնում հաջողությունների։

Նրանք էներգիայով լեցուն են և ավելի քիչ են կախված իրավիճակներից։ Նրանք նախընտրում են իրենք ձևավորել հանգամանքներ և իրադրություններ։

Ինքանվստահության բացակայությունը զրկում է մարդուն ներքին ուժից և թուլացնում է նրա կենսական դիրքերը։ Թույլերը հազվադեպ են հասնում հաջողության, քանի որ նրանց տանջում են կասկածները։

Անվստահ մարդիկ չեն կարողանում արագ և ճկուն վերլուծել բարդ իրավիճակները և դժվարանում են պատասխանատու և ռիսկային որոշումներ կայացնելիս։ Նրանք անընդհատ մտածում են, կասկածում և տատանվում։

Ինքնավստահությունը հոգեվիճակ է, հզոր հոգեվիճակ։

Որքան շատ է մարդն առընչվում իր մշակույթի հետ, այնքան ինքնավստահ է, այնքան ուժեղ է հոգեպես և ընդունակ է վեր բարձրանալ ցանկացած իրավիճակից։ Պատահական չէ, որ յուրաքանչյուր կայուն մշակույթում այդքան մեծ տեղ և նշանակություն են տալիս սեփական արժեքայնության, ինքնավստահության ձևավորմանն ու զարգացմանը։

Ամեն ինչ պարզ է դառնում համեմատության մեջ։

Որպեսզի պարզ հասկանանք, թե ինչպիսի հոգեվիճակ է իրենից ներկայացնում ինքնավստահությունը, պետք է հստակ պատկերացնենք, թե ինչ է անվստահությունը։

Անվստահությունը․

  • թուլություն է մարմնում
  • շարժումների սահմանափակվածություն
  • ցածր և ճնշված ձայն
  • ոչ արտահայտիչ խոսք
  • թերարժեքության զգացում
  • աշխարհի թշնամական ընկալում
  • իրավիճակի վերահսկողության կորուստ

Իսկ ինքնավստահությունը․

  • թեթևություն է մարմնում
  • ներքին ուժի զգացողություն
  • ժեստերի և մարմնի դիրքի անմիջականություն
  • աշխարհի դրական ընկալում
  • խոսքի հուզականություն, գունեղություն
  • սեփական նշանակալիության գիտակցում
  • իրավիճակի վերահսկողության զգացում

Համեմատեք ինքներդ, ո՞ր հոգեվիճակում եք առավել հաճախ լինում, ո՞ր հոգեվիճակն է ձեզ ավելի ոգևորում, մղում գործողության։ Մեկ անգամ ևս զգացեք ինքնավստահությունը, պահպանեք բոլոր հաճելի և դրական զգացողությունները և այսուհետ ավելի հաճախ թույլ տվեք ձեզ լինել վստահ և ուժեղ։

Հիշեք մի բան, եթե ուզում եք, որ ուրիշները ձեզ հավատան, սովորեք հավատալ և վստահել ինքներդ ձեզ։

Հեղինակի մասին

Մարիամ Պետրոսյան

Մարիամ Պետրոսյան

Ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրան: Պարբերաբար անցկացնում է սեմինարներ և թրեյնինգներ՝ ձգտելով նպաստել երեխաների և մեծահասակների ստեղծագործ մտքի զարգացմանը։ Սիրում է հավաքել փայտե մակետներ, զբաղվել ձեռագործությամբ: