Բանաստեղծություններ

Միլիոն համբույր ոտքերին

Ռուբեն Կարոյան
Հեղինակ՝ Ռուբեն Կարոյան

Համբույրը տեսնես ո՞վ է հորինել,
Որ ոչ զգացում է, ու ոչ էլ զգացմունք,
Հարկ է, որ սկսենք այն տնօրինել,
Մի՞թե դա ստեղծվեց, որպես հիացմունք:

Բազում մոլորված մարդիկ աշխարհում,
Համբույրը կարծում են, թե մե՛կ բույր ունի,
Բայց կան պիղծ սրտեր, չար ու շահամոլ,
Այդ ամեն ստահակն ի՛ր համբույրն ունի:

Եվ ամեն համբույր սեր չէ, սիրելի՛ս,
Ամեն մի «ողջույն» բարիք չի բերում,
Իրական բարին չես տեսնի գալիս,
Այն կզգաս հոգով, երբ սերն է տիրում: 

Աշխարհում քիչ չեն «մարդիկ» սրտակեր,
Մարդու դեմք հագած՝ ձևանում ընկեր,
Ու կեղծ մի համբույր դնում են աչքիդ,
Որ չնկատես հարվածն իր` մեջքիդ:

Ա՜խ, ես չգիտեմ՝ ով է հորինել,
Այդ համբույր կոչված գործիքը կեղծի,
Թե կարելի էր լոկ ողջագուրվել,
Համբույրով ինչու՞ պղծել անեղծին:

Իսկ թե անկեղծ ես ու մաքուր հոգով,
Պետք չէ այդ մասին բարձունքից ճառես,
Իջիր «բարձունքից», խոնարհվիր սրտով,
Բավ է աջ ու ձախ համբույր վաճառես:

Համբույրն իմ մարդկանց երբեք չի այրի,
Ես համբույր չեմ տա ամբոխին վայրի,
Կամ տեսքով սիրուն, հոգով դիակին.
Համբույրս կտամ ամեն միակին:

Համբուրեմ միակ հորս թանկագին,
Որ իր ձեռքերում ես մարդ մեծացա,
Համբուրեմ միակ մորս ջերմագին,
Որ իր աշխարհով այս աշխարհ անցա:

Միշտ կհամբուրեմ շուրթերն այն սիրող,
Որ ինձ իր սիրով դարձրեց ծնող,
Ունեմ համբույրներ պահած բալիկիս,
Համբույր խրատի ու մեծ գալիքի…

Մեկն էլ կա, որին սիրտս է գովերգում,
Երնե՜կ հանդիպեմ այս տիեզերքում,
Ոտքերին միլիոն համբույր կտայի
Նրա, ում մատնեց համբույրն Հուդայի:

Ռուբեն Կարոյան

Հեղինակի մասին

Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյան