Բանաստեղծություններ

Հուշեք ինձ հիմա․․․

Ռուբեն Կարոյան
Հեղինակ՝ Ռուբեն Կարոյան

Մահ կա` տանում է դեպ կյանք երկնային,
Կյանք կա` մեռած է, թեկուզ և գահին:
Ապրում ես շքեղ աշխարհի փառքով,
Բայց նույն ժամանակ հլու, հնազանդ,
Անդունդ գլորվող ամբոխի շարքով,
Խաբված քայլում ես, իբր թե ազատ:

Մանուկ կա` խաղում սեր է որոնում,
Մեծ կա` այդ սիրուց ցավ է հորինում,
Դե հուշեք հիմա մեծի՞ն հետևեմ,
Թե՞ մանուկ սրտումս ես հարատևեմ:
Իմ մանուկ սիրտը քաջ է ու անվախ,
Իսկ իմ մեծ մտքում սարսափ կա, ավաղ:

Մանկասիրտ լինեմ, բայց ոչ մանկամիտ,
Դատարկ «մեծերից» զգուշանալ է պետք,
Թույլ չեմ տա, ամեն մի պակասամիտ,
Թողնի իմ կյանքում անջնջելի հետք:

Մի եղբայր ունեի՝ իմ սրտին շատ մոտ,
Հեռացավ՝ ձեռքին դանակն արյունոտ,
Սիրտն իմ արյունից չի լվացվել դեռ,
Արյունս մնաց իր դանակին բեռ:

Իսկ երբ մի օտար, թեկուզ թշնամի,
Կարկատեց ավեր կտուրը իմ տան,
Իր մեջքով պահեց ինձ փչող քամին,
(Բայց շատերն ավաղ չեն սիրում նրան),
Դե հիմա ասեք «եղբո՞րս» գրկեմ,
Թե՞ իր նեղ օրվան «թշնամուս» փրկեմ

Չեմ գրկի ամեն «եղբայր» ասողին,
Բավ է ամենքին մեջքս վստահեմ,
Որ այդ ապագա թիկունք խոցողի
Զարկը դեմ առ դեմ կանգնած կռահեմ:

Ծիծաղը սրտին մեծ ուժ է տալիս,
Իսկ ոմանց խինդը քեզ դու՞ր է գալիս,
Երբ այն տկարի հոգին է դաղում․
Ծաղրում են նրան, ոչ թե ծիծաղում:

Այլոց ժպիտն ինձ չի ուրախացնի,
Ես իմ խինդն ունեմ, կապրեմ դրանով:
Աչքս թրջվեց, բայց դա էլ կանցնի,
Թե քիչ էլ զսպեմ լեզուս բերանով:

Փողն ու փախուստը հույս չեն փրկության,
Գողանալ, ստել ելք չեն ուժեղին,
Պետք է վերջ դնել հոգով ստրկության,
Եվ Աստված կօրհնի մարդկային ցեղին:

Ռուբեն Կարոյան

Հեղինակի մասին

Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյան