Բանաստեղծություններ

Անսեր գիտություն

Ռուբեն Կարոյան
Հեղինակ՝ Ռուբեն Կարոյան

Գիտությունն այսօր տես ուր է հասել,
Կյանքում ապրելը հեշտ է ավելի,
Սակայն գիտությամբ մե՞նք ուր ենք հասել,
Փաստն ակնհայտ է ու սարսափելի:

Ունենք խնդիրներ գիտությամբ լուծված,
Որոնք կարծել ենք մեծ, անլուծելի,
Բայց նույն գիտությամբ մարդկությունն հյուծված,
Դարձել է օտար, սառն ու խոցելի:

Նախկին ջերմության փոխարեն սառույց,
«Միաբան» բառը լեգենդ է այսօր,
Մարդն ասես լինի անսեր մի կառույց,
Եվ սերն հանգչում է մեր մեջ` օրեցօր:

Քիչ ենք կարոտում այսօր մեկմեկու,
Բայց տեսնում, խոսում փոքրիկ էկրանից,
Նախկինում թեկուզ կարոտն էր խեղդում,
Բայց միաբան էինք ծնված օրվանից:

Չեմ ուզում կարդալ ձեր գիրն էկրանից,
Թեկուզ ձեզ երկար կարոտեմ տարով,
Եվ ամեն նամակ ինձ այսօրվանից
Ուղարկեք թղթե, մի հին ծրարով:

Միայն կարդալիս ջերմություն զգամ,
Զգամ այն սերը, որ կար անցյալում,
Ու ձեր հրավերքին որքան էլ ուշ գամ,
Կգրկենք միմյանց, ինչպես անցյալում:

Պետք չեն ինձ տառեր սիրուն, տպատառ,
Ձեռագիր գրվածքն հոգու՛ց է բխում,
Ու՞մ են պետք բառերն այս լատինատառ,
Որոնք մերը չեն, որ կար անցյալում:

Եկ այդ գիտությունն այնքան զարգացնենք,
Որ անբուժելի հիվանդներ բուժի,
Սակայն եկեք այն խոհեմ բանեցնենք,
Որ գիտությունից սերը չտուժի:

Մարդն առանց սիրո ապրել չի կարող,
Սերն է պահպանում երկիր, պետություն,
Աստղերն առանց սեր թույլ են ու մարող,
Եթե սեր չկա, էլ ի՞նչ գիտություն:

Ռուբեն Կարոյան

Հեղինակի մասին

Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյան