Ընտանիք

Հարսի գաթայի զարմանալի ավանդույթի մանրամասները

Բոլորս գիտենք, որ ավանդույթներով և սովորույթներով հարուստ ազգ ենք, որոնք մեզ են փոխանցվել սերնդեսերունդ և ընդունված են շատ ընտանիքներում:

Ժամանակի ընթացքում այս ավանդույթների մեծ մասը մոռացության են մատնվել, իսկ մի մասն էլ փոփոխության են  ենթարկվել:Այս ավանդույթների շարքում առանձնացնենք հարսանեկան արարողության ժամանակ հարսի գաթայի առաջացումը, որը մինչ այսօր պահպանվել է: Կարծում եմ շատերը չգիտեն, թե որտեղից է այս ավանդույթը հասել մեզ:

Պատմական Պոնտոսի (Սև ծով) հույն բնակչությունը ունեցել է հետաքրքիր և զանազան ավանդույթներով համեմված մշակույթ և կենցաղ: 

Հարսի գաթա պատրաստելը այդ ավանդույթներից մեկն է, որը դարերի ընթացքում կրել է որոշակի փոփոխություններ: Այս ավանդույթը այնքան տարածված էր նրանց կենցաղում, որ 18-րդ դարի երկրորդ կեսին նրանց հետ տեղափոխվել է Հայաստան:

Ի զարմանս բոլորիս, հարսի գաթան պատրաստվել է երկու անգամ` նշանադրության գնալուց մեկ օր առաջ և հարսանեկան ծեսից առաջ` չորեքշաբթի, որոշ բնակավայրերում էլ` հինգշաբթի օրը: Նշանադրության ժամանակ փեսայի մայրը սինի-մատուցարանի միջից հանում է գաթան` բաժանելով երկու մասի, մի մասը տալիս է հարսի ծնողներին, մյուս մասն էլ բաժանում է հյուրերին: Այս սովորույթը կար նաև հայկական նշանադրության արարողություններում, որը հայտնի է «հաց կտրել», «կես պսակ» անվանումներով: Այս դեպքում երեք լավաշ հացերը բռնում էին հարսի և փեսայի ծնողները` տարբեր կողմերից և ի նշան համաձայնության կտրում էին լավաշները` ձգելով, մի մասը տալիս էին հարսին, իսկ մյուս մասը փեսային: Տղայի հայրը փորձում էր մեծ մասը ստանալ, որպեսզի դնի ծոցը, տանի տուն` հավատալով, որ դրա հետ նաև հարսնացուի ղսմաթն է տուն տանում:

5

Պոնտոսի հույները հարսանիքի գաթան թխում էին փեսայի տանն՝ այդ առիթով հավաքված կանանց օգնությամբ, որոնք ըստ ավանդույթի իրենց հետ բերում էին ձու, կարագ, մեղր, ալյուր, շաքար և այլն: Այս հարսանեկան ծեսը եղել է Հայաստանում և հայտնի է տաշտադրոնք անվանումով` հացի և խմորի օրը, որը իրականացվում էր հինգշաբթի կամ ուրբաթ օրը: Այդ օրը տան տիրուհու գլխավորությամբ հրավիրված  աղջիկները և կանայք  սկսում էին արարողությունը և գաթայի խմորի տաշտի վրա մոմեր էին վառում, որպեսզի հարսը լույսի նման պայծառ լինի:

Պոնտոսի հույները պատրաստելով գաթան` մեջը խրում էին երիտասրարդ աղջկա կամ տղայի ձեռքով կտրված խնձորենու ճյուղը և ծայրին կպցնում էին թխված գաթայի խմորից փոքրիկ գնդիկներ: Այս պարագայում խնձորը սիրո և պտղաբերության աստվածությունների խորհրդանիշն է, անմահական պտուղը: Այս ճյուղը ընդհանրություն ունի հայկական կենաց ծառի հետ, որը կապված է խնձորենու պաշտամունքի հետ և խթանում է պտղաբերությանը:

Եթե հարսի գաթան բոլոր վայրերում ունենում էր կլոր տեսք, ապա Կապադովկիայի հույները դրան երկար ու նեղ ձև էին տալիս: Հարսի տանը, երբ քավորկինը հարսին հագցնում և զարդարում էր, երեք անգամ գաթան պտտեցնում էր նրա գլխավերևում, բաժանում էր մասերի և տալիս երիտասարդներին, որը խորհրդանշում էր նոր կազմավորվող ընտանիքն արգասավորել երեխաների ծնունդով, իսկ երիտասարդներին ամուսնության մղել:

gata (10)

Չնայած հույները փորձել են պահպանել իրենց նախնիներից ժառանգություն ստացած բազում ավանդույթներ, սակայն նշանի գաթայի ավանդույթը և կենաց ծառը խորհրդանշող խնձորենու ճյուղը հետագայում վերացավ, ինչպես հույների, այնպես էլ հայերի մոտ: Ինչ վերաբերում է հարսի գաթային, ապա ենթադրում ենք, որ այս երևույթը  ևս կանհետանա ժամանակի ընթացքում, քանի որ Հունաստան վերադարձած հույների նոր սերունդն հեռու է նախնյաց ավանդույթներից և մաս է կազմում եվրաինտեգրված հասարակության:

 

Հեղինակի մասին

Լիլիթ Դանիելյան

Լիլիթ Դանիելյան