Բանաստեղծություններ

Ավետիս

Խավար, կորուսյալ աշխարհի վրա,
Ուր իշխում էր չար սատանան ահեղ,
Էն այլասերված մարդկության վրա
Ճառագեց Աստծո լույսն ավետաբեր…

Էն դաշտում, ուր որ անխռով քնով
Քնած էին ողջ հոտն ու գառները,
Երկնի խավարում հանկարծ լույս խմբով
Ցոլացին Աստծո հրեշտակները…

Ու մինչդեռ եկած անակնկալի,
Խեղճ հովիվները սաստիկ վախեցան,
Ուզեցին փախչել, բայց Գաբրիելի
Ձենը տարածվեց դաշտերի վրան.

-Ցնծացե՛ք, ասաց, քանզի էս գիշեր
Ծնվեցավ Փրկիչն՝ արար աշխարհի,
Աստծուց վտարված մարդկության առջեվ
Կրկին բացվեցան դռներն երկնքի…

«Գնացե՛ք, ասաց, որ վկա լինեք
Օրհնեալ ծնունդին Աստծո Որդու…»
Ու հովիվներն ամեն բան թողած
Բռնեցին ճամփեն էն սուրբ քաղաքի…

Գնացին գտնեն տեղն էն մանկան _
Որ ցուցանում էր աստղը երկնքից,
Ու նրա հետքով վերջապես գտան
Ծղոտե օրրանն իրենց Փրկիչի…

Ներս մտան նրանք ու ծնկի իջան
Բարուրի առջեւ քնած մանուկի,
Երկրպագեցին ու վերադարձան _
Գոհության կնիքն իրենց երեսին…

…Նա չեկավ, որ մեր աշխարհը դատի,
Ու մարդկանց մատնի հավերժ կորստյան,
Այլ՝ եկավ որ մեզ անդունդից հանի,
Փրկի մեզ գնով իր կարմիր արյան…

Նա եկավ որ մեր ու Աստծո միջեւ
Կապի կամուրջը հաղորդակցության,
Որ իր հետեւից եկողի առջեւ
Բացի դռները՝ իր արքայության…

Նա եղավ Փրկիչն արար աշխարհի,
Զոհելով իր կյանքն էն խաչի վրա,
Հարություն առավ, համբառնեց երկինք,
Որ բարի աչքով նայի մեզ վրա…

Խավար, կորուսյալ աշխարհի վրա
Ճառագեց Աստծո լույսն ավետաբեր…
Թող օրհնեալ լինի ծնունդը Նրա,
Որ մեզ ավանդեց լուսավոր օրեր…

Հրայր Ղուլինյան

Հեղինակի մասին

Հրայր Ղուլինյան

Հրայր Ղուլինյան

Ծնվել է Վանաձորում, ավարտել Դսեղի՝ Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը։ Գրում է բանաստեղծություններ, ակնարկներ, հոդվածներ և սցենարներ։ Սիրում է կարդալ, լուսանկարել, նկարել, հաստատել նոր ծանոթություններ։ Մարդկանց մեջ գնահատում է անկեղծությունը, հավատարմությունը, փոխադարձ սերն ու հարգանքը։