Բանաստեղծություններ

Փորձություն

Աստված ուղարկեց իր միակ որդուն _
Իրեն ստեղծած աշխարհի համար,
Ուղարկեց, որ Նա իր կյանքը զոհի
Մարդկության անթիվ մեղքերի համար…

Ու երբ Նա ոտքի ելավ, որպեսզի
Սկսի գործը մարդկանց փրկության,
Ճանապարհն ընկավ մեծ անապատի _
Անցնելու ուղին՝ դաժան փորձության…

Եվ քառասուն օր այն փոթորկահույզ
Ավազուտներում թափառեց մենակ,
Ոչինչ չկերավ, մնաց անոթի,
Ճգնում էր անվերջ… եւ այդ ժամանակ

Սատանան դրդեց նրան փորձության.
-Թե դու ես, ասաց, ճշմարիտ Մեսիան,
Թե դու՛ ես եկել փրկես աշխարհը,
Հացի վերածիր այն կողքիդ քարը…

-Հիշի՛ր անիծյալ, դիմելով նրան
Հիսուսը տվեց էսպես պատասխան, –
Որ մարդն ապրում է ոչ միայն հացով,
Այլ նաեւ Աստծո ճշմարիտ խոսքով…

Բայց հաջորդ անգամ չար ոգին Նրան
Տարավ հասցրեց գագաթը լեռան.
-Լա՛վ նայիր, դիմեց կրկին Հիսուսին, –
Ինչ որ տեսնում ես հիմա քո չորս դին,

Այս ամենն ահա քո՛նը կլինի,
Միայն թե պիտի ի՛նձ երկրպագես…
Բայց դիմակայեց Հիսուսը կրկին,
Պատասխանելով սատանին էսպես.

-Լսի՛ր, անիծյալ, հիշի՛ր հավիտյան,
Որ Նա՛ է միակ երկնքի արքան,
Նրանից բացի ել ո՛չ ոք չկա
Էս բյուր բովանդակ աշխարհի վրա…

Վերջին փորձության ժամն է, և ահա
Կանգնած են նրանք անդունդի վրա…
-Դե՛, ցած նետիր քեզ, եթե իսկապես
Աստծո զորությամբ դու պաշտպանված ես…

-Հիշի՛ր անիծյալ,- և վերջին անգամ
Հիսուսը տվեց էսպես պատասխան –
Մի՛ փորձիր երբեք կյանքում դու նրան,
Ով պահապան է կանգնած քո վրա…

…Էսպես անցնելով փորձության ուղին _
Քարոզիչն Աստծո մեծ ճշմարտության,
Գնաց հասնելու մարդկանց ամբոխին,
Եվ քարոզելու խոսքն արքայության…

Հրայր Ղուլինյան

Հեղինակի մասին

Հրայր Ղուլինյան

Հրայր Ղուլինյան

Ծնվել է Վանաձորում, ավարտել Դսեղի՝ Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը։ Գրում է բանաստեղծություններ, ակնարկներ, հոդվածներ և սցենարներ։ Սիրում է կարդալ, լուսանկարել, նկարել, հաստատել նոր ծանոթություններ։ Մարդկանց մեջ գնահատում է անկեղծությունը, հավատարմությունը, փոխադարձ սերն ու հարգանքը։