Բիզնես

Գործարար էթիկայի սկզբունքները

Գոյություն ունի գործարար միջավայրում վարքագծի դրսևորման  5 հիմնական սկզբունք`  դրական տրամադրվածություն, գիտակից էգոիզմ, կանխատեսելիություն,  իրավիճակային տարբերություն, պատշաճություն:

Դրական տրամադրվածությունը ենթադրում է, որ գործընկերների հետ շփման ժամանակ դուք պետք է ձգտեք թողնել լավ տպավորություն: Դրական կերպարի ստեղծման գործում մեծ կարևորություն ունեն բացառապես ամեն ինչ` ժեստերը և շարժումները, ձեռքսեղմումներըձայնի տոնայնությունը, հագուստը և օծանելիքի ընտրությունը: Օրինակ, եթե դուք խոսակցության  ողջ ընթացքում ձեռքերը պահեք գրպանում, ապա ձեր զրուցակցի մոտ դա տավորություն կստեղծի այն մասին, որ դուք անկեղծ չեք նրա հետ:

Գործարար էթիկայի  երկրորդ` գիտակից էգոիզմի սկզբունքը մեծ դեր է կատարում ձեզ`  որպես ձեռնարկատիրոջ, ընկալման վրա: Անշուշտ, անհրաժեշտ է  ուշադրությամբ լսել զրուցակցին, բայց համաձայնվել նրա արտահայտած ամեն մտքի հետ` խելամիտ չէ: Դեռ ֆրանսիացի լուսավորականները պնդում էին, որ մարդը իրավունք ունի բանավիճելու իր սեփական կարծիքի համար: Այսինք, չպետք է մոռանալ  գիտակից էգոիզմ սկբունքի մասին:

Կանխատեսելիությունը գործարար էթիկայի ոլորտում նշանակում է, որ գործարար շփման համար կան արդեն իսկ մշակված որոշակի վարքագծային կանոններ, որոնք հնարավորություն են տալիս ճկուն կերպով  շրջանցել անհարմար իրավիճակները: Օրինակ, հայտնի ճշմարտություն է այն, որ ձեզ համար  լիովին անծանոթ մարդու հետ հանդիպման սկիզբը պետք է ընթանա հետևյալ կերպ. ողջույնի խոսք, ներկայացում, այցեքարտերի փոխանակում: Սակայն, ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: Էթիկայի կանոնները մանրամասնում են այս ընթացակարգերից յուրաքանչյուրը:

Իրավիճակային տարբերությունների  սկզբունքը ենթադրում է,  որ գործարար ոլորտում տարբեր մարդիկ զբաղեցնում են տարբեր աստիճաններ, և հետևաբար դա ենթադրում է շփման տարբերակված կանոններ, այդ թվում` ղեկավար – ենթակա հարաբերությունները: Ղեկավարի հետ առաջին հանդիպման ժամանակ, որպես կանոն, առաջինը ողջունում է ենթական` լինի կին, թե տղամարդ: Ինչպես նաև ենթակաները պետք է զիջեն ղեկավարներին և նրանց հյուրերին վերելակ նստելիս:

Պատշաճությունը գործարար էթիկայի սկզբունքների տեսանկյունից ենթադրում է շարժուձևի և անգամ հագուստի  համապատասխանություն որոշակի հատուկ իրավիճակներին:

Հեղինակի մասին

Թամարա Ավանեսյան

Թամարա Ավանեսյան

Մասնագիտությամբ իրավաբան է, 2011-ից առ այսօր աշխատում է «Խորհրդատու իրավաբան» իրավաբանական գրասենյակում, որպես տնօրեն: «Գործարար էթիկա» գրքի հեղինակն է: Կյանքում կարևորում է առաջին հերթին լավ մարդ, լավ ընկեր լինելը: