Ապրելակերպ

Ինչպե՞ս հաղթել վեճերում

Կոնֆլիկտներն ու վեճերը մեր առօրյայի անբաժանելի մի մասն են կազմում: Եվ մենք պետք է իմանանք այդ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և հաղթող դուրս գալու եղանակները:

Ամերիկացի հոգեբան Բրեդբերին առաջարկում է 5 ռազմավարություն, որոնցով հնարավոր կլինի գտնել վեճերի և կոնֆլիկտենրի հաղթահարման ճանապարհները:

Լինել չափավոր անկեղծ:

Պետք է լինել անկեղծ առանց ավելորդ կոպտության և չորության: Դեռևս մանկուց մենք հաճախ ենք կագնում երկընտրանքի առաջ կամ ասել ճշմարտությունը, կամ պահպանել հարաբերությունները, ընկերությունը: Հաճախ մեզ թվում է, որ պետք է լինել լիովին անկեղծ, բայց մենք մոռանում ենք, որ անկեղծության համար հարկավոր է վստահություն: Իսկ հենց վեճի ժամանակ է, որ մենք ծայրահեղորեն չենք վստահում դիմացինին: Ապա ինչպե՞ս կարող ենք բացարձակ անկեղծ լինել:

Խոսել փաստերի մասին, այլ ոչ թե զգացմունքների:

Մեր հույզերի և զգացմունքների չմտածված արտահայտումը կարող է օտարացնել, շփոթմունք առաջացնել և նույնիսկ զայրացնել: Կոնֆլիկտների և վեճերի ժամանակ սխալ է խոսել զգացմունքների և հույզերի  մասին, այլ պետք է հնարավորինս խոսել փաստերով: Մեր զգացմունքներն ու հույզերը պետք է վերլուծենք նախօրոք, որպեսզի հասկանանք, թե տվյալ իրավիճակում ինչն է առիթ հանդիսացել վիրավորվելու, այս կամ այն կերպ մտածելու, զգալու համար: Միևնույն ժամանակ հույզերի գրագետ արտահայտումը ևս կարող է օգնել հաղթահարել կոնֆլիկտն առանց բարդությունների:

Դիմացինի տեսակետի հասկացում:

Շատ սխալ է, երբ վեճերի, ընդհարումների ժամանակ մենք կենտրոնանում ենք մեր շահի, տեսակետը պնդելու վրա: Եթե ցանկանում ենք հաղթահարել վեճը և հաղթող դուրս գալ, պետք է հասկանանք դիմացինի տեսակետը, նրա շահը: Իրականում մարդկանց համոզելու ամենալավ միջոցը նրանց լսելն է: Երբ մարդիկ զգում են, որ իրենց լսում և հասկանում են, իրենք էլ են փորձում լսել և հասկանալ:

Չփնտրել մեղավորներ:

Երբ մենք ընկնում ենք բարդ իրավիճակների մեջ, սպառնալիք ենք զգում, մեր բացասական հույզերն ուժեղանում են և հաճախ դրանք դուրս թափելու համար մենք սկսում ենք մեղադրել ուրիշներին ստեղծված իրավիճակի համար: Սակայն ցանկացած առաջացող իրավիճակում մենք ինքներս էլ մեր դերն ունենք: Եթե սկսենք հերքել մեր դերն ու մեղավորներ որոնել արտաքին աշխարհում ավելի կսրենք իրավիճակն ու մենք կարողանանք ելքեր գտնել: Պետք է փորձենք հասկանալ մեր դերն ու ազդեցությունը տվյալ իրավիճակում:

Համարձակ արտահայտել սեփական տեսակետը:

Շատերը վախենում ու սարսափով են վերաբերվում կոնֆլիկտներին, մոռանալով նրանց դրական դերը հարաբերությունների թարմացման և պահպանման մեջ: Այդ վախը կարող է կաշկանդել մեզ արտահայտել մեր տեսակետը, անհանգստանալով հետևանքների մասին: Իսկ եթե լռե՞նք, ի՞նչ կլինի մեր լռության հետևանքը: Միայն երկու դեպքերի վերլուծությունից հետո կարելի է որոշել խոսել, թե լռել:

Ամփոփելով նշենք, որ կոնֆլիկտներում և վեճերում հաղթելու լավագույն միջոցը իրավիճակը չսրելն է: Կոնֆլիկտներից խուսափել պետք չէ, նրանք հարաբերություններում որոշիչ և կարևոր դեր ունեն, կարող են նպաստել դրանց ամրապնդմանը, նոր փուլեր տեղափոխել: Եթե օգտվեք տվյալ ռազմավարություններից կարող եք ձեզ համար ցանկալի ուղղությամբ ուղղորդել կոնֆլիկտները և հեշտությամբ կողմնորոշվել դժվարին իրավիճակներում:

Հեղինակի մասին

Մարիամ Պետրոսյան

Մարիամ Պետրոսյան

Ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրան: Պարբերաբար անցկացնում է սեմինարներ և թրեյնինգներ՝ ձգտելով նպաստել երեխաների և մեծահասակների ստեղծագործ մտքի զարգացմանը։ Սիրում է հավաքել փայտե մակետներ, զբաղվել ձեռագործությամբ: