Ապրելակերպ

Զարմանալի, գիտական փաստեր սիրո մասին

Սերը մարդկանց շնորհված գեղեցիկ ու վեհ, միևնույն ժամանակ կախարդական ու անբացատրելի զգացմունք է: Յուրաքանչյուրը կարող է տալ իր սիրո բնորոշումը, դուրս բերել իր բանաձևը, բայց շատ բան մնում է չբացահայտված: Այժմ, երբ գիտությունը ձգտում է բացատրել ու մեկնաբանել ամեն ինչ, կարող է առաջարկել մեզ մի քանի փաստեր սիրո և կրքի մասին:

Սերն ազդում է ուղեղի վրա այնպես, ինչպես թմրադեղը:

Մարդու ուղեղի վրա սիրո ազդեցության ուսումնասիրությունների արդյունքում գիտնականները պարզել են, որ գորշ նյութը ռոմանտիկ զգացողություններին արձագանքում է նույն կերպ, ինչպես կոկաինին: Այլ կերպ ասած, երբ սիրահարված ենք, մեր ուղեղը մեծ քանակով արտադրում է այնպիսի քիմիական նյութեր, ինչպիսիք են դոֆամինը, նորադրենալինը և օքսիտոցինը: Բոլոր այդ նյութերը առաջացնում են երջանկության, էյֆորիայի զգացողություն:

Սերը ֆիզիկական և հոգեկան կախվածություն է առաջացնում:

սիրահար զույգերՍիրո և սեռական հակվածության տարբերությունները տարբերակելու նպատակով գիտնականներն ուսումնասիրել են սիրահարված և չսիրահարված մարդկանց ուղեղի ակտիվությունը: Եվ բացահայտել են, որ սեռական հակվածությունը կապված է ուղեղի այն հատվածների հետ, որոնք վերահսկում են քաղցն ու ծարավը, այսինքն՝ մեր առաջնային պահանջմունքների բավարարումը: Իսկ սերը ակտիվացնում է ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են տարբեր տեսակի կապվածությունների առաջացման և էֆորիայի համար:

Սերն ունի մեծ ձգողական ուժ, իշխում է մարմնի ու մտքի վրա և ռոմանտիկ կապվածության առարկայի հետ բաժանման ժամանակ առաջանում է հոգևոր ճգնաժամ:

Կոտրված սրտի սինդրոմը իրական հիվանդություն է:

Կյանքում շատ քիչ անհաջողություններ, հիվանդություններ կարող են համեմատվել կոտրված սրտի հետ: Կորցրած սիրուց առաջացած սթրեսն այնքան ուժեղ է, որ կարող է հանգեցնել սրտի ֆիզիկական ախտահարմանը: Մարդն իրականում հիվանդանում է և սրտի շրջանում ցավ զգում: Եթե սիրո կորստի ախտանիշներն անտեսվեն, մարդը կարող է լուրջ ֆիզիկական վնասներ հասնցի իր սրտին:

Սիրահարված մարդու ուղեղում տեղի է ունենում «կարճ միացում», որը թույլ չի տալիս քննադատորեն գնահատել զուգընկերոջը:

Երևի թե բոլորին են հայտնի դեպքեր, երբ սիրահարվում են միմյանցից շատ տարբեր մարդիկ, երբ զույգերը իդեալականացնում են իրար ու չեն նկատում միմյանց թերությունները: Մասնագետները գտնում են, որ ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են ռացիոնալ որոշումների ընդունման համար նման դեպքերում զինաթափվում են հատուկ քիմիական նյութերի ազդեցությամբ: Թուլանում է քննադատական մտածողությունը, սոցիալական արժեքների միջոցով գնահատման ունակությունը:

Քիմիական միացությունները պատասխանատու են ամուսնական հավատարմության համար:

Մարդիկ, ովքեր ակտիվ և երկարատև սիրային հարաբերություններ ունեն, արդեն անցել են ռոմանտիկ սիրո առաջին փուլը, որը տևում է մոտավորապես մեկ տարի: Հարաբերությունների երկրորդ փուլում ուղեղը սիրո արտահայտման համար նոր քիմիական ուղի է գծում: Այստեղ հիմքում ընկած է օքսիտոցինը, որը պատասխանատու է մարդկանց միջև հավատարմության ձևավորման համար: Որքան շատ է օրգանիզմում այդ նյութը, այնքան փոքր է հակառակ սեռից եկող ազդակներին արձագանքը:

Սերը միայն քիմիական գործընթացների արդյունքում առաջացող զգացմունք չէ, սերը հոգևոր ուժեղ զգացմունք է, որը վեհացնում ու բարձրացնում է մարդ էակին: Մեզ և մեզ շրջապատող մարդկանց ավելի երջանիկ տեսնելու համար պետք է նրանց պարուրենք սիրով:

Հեղինակի մասին

Մարիամ Պետրոսյան

Մարիամ Պետրոսյան

Ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրան: Պարբերաբար անցկացնում է սեմինարներ և թրեյնինգներ՝ ձգտելով նպաստել երեխաների և մեծահասակների ստեղծագործ մտքի զարգացմանը։ Սիրում է հավաքել փայտե մակետներ, զբաղվել ձեռագործությամբ: