Ապրելակերպ

Հիշողության զարմանալի հատկությունները

Մարդն իր կյանքի ընթացքում ընկալում և մշակում  է ահռելի քանակությամբ տեղեկատվություն, որը հավերժ պահվում է հիշողության մեջ: Մեր ուղեղի հիշելու և վերարտադրելու այդ հրաշալի հատկությունը օգնել է մեզ զարգանալ, սովորել և աճել:

Ինչպես ամեն-ինչ մեր մեջ և մեր շուրջ, հիշողության մեխանիզմների ուսումնասիրությունը հետաքրքրել է գիտնականներին: Հոգեբանական գիտության ներկայացուցիչները դուրս են բերել փաստեր մեր հիշողության մասին, որոնց մենք բախվում ենք ամեն օր, բայց ուշադրություն չենք դարձնում:

Սուտն ավելի լավ ենք հիշում

Լուիզիանայի համալսարանի գիտնականները հաստատում են, որ մարդիկ ավելի հակված են հիշելու իրենց կողմից ասված սուտը, քան ճշմարտությունը: Սուտ հորինելիս, մտածելիս մենք ավելի մեծ ջանքեր ենք գործադրում, քան առհասարակ, քանի որ նորովի ստեղծում ենք իրադրություններ, իրավիճակներ, մանրուքներ: Եվ կախված նրանից, թե որքանով ենք մենք հավատում ստին, այնքան ավելի երկար ենք հիշում այն:

Մեր ուղեղը չի սիրում, երբ հիշողության մեջ բացեր են հայտնվում: Եվ նա ջանում է այդ բացերը լցնել: Դա կարող ենք անել այլ մարդկանց հարցեր տալով, հին նկարները թերթելով, կամ ուղեղը ինքը կլրացնի այդ բացերը յուրովի:

Դռնախորշերը «մաքրում են» հիշողությունը

Ամերիկացի գիտնականները փորձել են պարզել, թե ինչու ենք մոռանում՝ ինչի համար էինք եկել սենյակ, այն բանից հետո, երբ մեզանից հետո փակում ենք սենյակի դուռը:  Գիտնականները իրականացրեցին մի քանի գիտափորձեր, որոնցում ուսանողներին առաջարկվում էր հիշել որոշակի տվյալներ և քայլել շինության մեջ: Ճանապարհն այնպես էր գծված, որ ուսանողները ստիպված էին անցնել դռներով: Գիտափորձի արդյունքում պարզ դարձավ, որ ուսանողները մոռանում էին իրենց ասված ինֆորմացիան դռնախորշերի միջով անցնելիս:

Երաժշտությունը և հիշողությունը

Երաժշտությունն օգնում է ավելի հեշտ մտապահել և վերարտադրել տեղեկատվությունը: Դա ցույց են տվել ԱՄՆ-ի Հյուսիս-Արևմտյան համալսարանի հետազոտողները: Նրանք անցկացրել են երկու մասից բաղկացած փորձ: Առաջին մասի մասնակիցները խաղի միջոցով յուրացրել են երկու մեղեդի: Իսկ հետո քնի ժամանակ նրանց սենյակում հնչել է այդ մեղեդիներից մեկը: Արթնանալուց հետո նրանք առավել լավ վերարտադրել են այն մեղեդին, որ հնչել է քնի ժամանակ: Երկրորդ մասի մասնակիցները պետք է հիշեին էկրանի վրա 50 առարկաների տեղերը: Յուրաքանչյուր առարկա բացելու ժամանակ հնչում էր որոշակի երաժշտություն: Այնուհետև քնի ժամանակ հնչում էին այդ մեղեդիներից 25-ը: Արթնանալուց հետո մասնակիցներն առավել հեշտությամբ հիշում էին այդ առարկաների տեղերը:

Քնի ժամանակ ուղեղը մշակում է ստացված տեղեկատվությունը և պահպանում է անհրաժեշտներն ու դեն նետում ավելորդները:1268124_295580567251661_1915212325_o

Շատ քիչ են ուսումնասիրված ֆենոմենալ հիշողությամբ մարդիկ: Այդ մարդիկ հեշտությամբ հիշում են ահռելի քանակությամբ տեղեկատվություն և շատ արագ մշակում այն: Եվ այդ ամենի համար նրանք առանձնապես ջանքեր չեն գործադրում:

Մարդկանց հիշողության մեխանիզմների ուսումնասիրությունը թույլ է տվել ստեղծել համակարգչային հիշողության մոդելը և հիմա մենք կարող ենք հիանալ վիրտուալ համակարգում պահվող տեղեկատվության հեշտ հասանելությամբ և դասավորվածությամբ: Առնչվելով համակարգիչների հետ մենք միևնույն ժամանակ կարող ենք ավելի լավ պատկերացնել ու հասկանալ մեր հիշողության կառուցվածքն ու առանձնահատկությունները և չմոռանանք, որ ունենք հզոր հնարավորություններ:

Հեղինակի մասին

Մարիամ Պետրոսյան

Մարիամ Պետրոսյան

Ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրան: Պարբերաբար անցկացնում է սեմինարներ և թրեյնինգներ՝ ձգտելով նպաստել երեխաների և մեծահասակների ստեղծագործ մտքի զարգացմանը։ Սիրում է հավաքել փայտե մակետներ, զբաղվել ձեռագործությամբ: