Բանաստեղծություններ

Քո սրտի զարկը

Ռուբեն Կարոյան
Հեղինակ՝ Ռուբեն Կարոյան

Քո սրտի զարկը արագ է ու նուրբ,
Իմ սրտի համար ասես լույս լինի,
Զույգ թաթիկներդ էլ մաքուր են ու սուրբ,
Այնքան եմ ուզում քեզ գրկել հիմի։

Քո սրտի զարկը երգ լինի ասես,
Խոստում կա երգիդ ամեն կրկներգում.
«Թե իմ ծնունդին մի քիչ էլ սպասես,
Քեզ «հայրիկ» կասեմ, կապրեմ քո գրկում»:

Քո սրտի զարկը վերք լինի ասես,
Ու ողբ` ընդհատված բազում զարկերի,
Եվ այդ ողբերգը որքան էլ լսես,
Կզգաս, որ հիմքն է` բոլոր երգերի:

Աղերս կա սրտիդ ամեն մի զարկում,
Եվ փոքրիկ խնդրանք, ասես բոլորից,
«Հանկարծ չլսեք չարին արնախում,
Կյանքս չընդհատեք, չկտրեք մորից։

Ինձ նման բազում մանուկներն այսօր,
Բժիշկ էին, գուցե` մարզիկ առնական,
Կամ հնարում էին գյուտեր օրեցօր,
Բայց այդ սրտիկներն այլևս չկան:

Սե՛ր դրեք սրտիս ամեն զարկի մեջ,
Ախր ծնունդն իմ պատճառ չէ վախի,
Ես էլ ձեր կյանքում կբերեմ նոր էջ,
Միայն թե սիրտս թողեք բաբախի:

Միայն թե օգնեք ճանաչել մարդուն,
Մարդկության համար անել մեծ գործեր,
Բայց մեծ լինելով, իմ սրտի խորքում
Դարձյալ կմնամ նուրբ բալիկը ձեր»:

ruki

Որդի՛ս, քո սրտին ոչ ոք չի դիպչի,
Աշխարհի չարից դու չվախենաս,
Կյանք տվող Աստծո Խոսքերը հիշիր,
Որ լինես հաղթող, ապրես անվնաս։

Ում էլ որ տեսնես, աշխարհքի վրա
Աբորտ անողի դռներն է բախում,
Համոզված եղիր. կրծքի տակ նրա,
Անգամ գազանի սիրտ չի բաբախում:

Քո սրտի զարկը օրհներգ է սրտիս,
Խինդ է տվել քեզ աշխարհ բերողին,
Քո աշխարհ գալով կցնծա հոգիս,
Ողջ փառքը կտամ քեզ Նվիրողին:

Ռուբեն Կարոյան

Հեղինակի մասին

Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյան