Ապրելակերպ

Լեզու, որը հասկանում են բոլորը

Բաբելոնյան խառնաշփոթությունից հետո աշխարհում հաշվվում է ավելի քան 6000 լեզու: Այդ լեզվային բազմազանության մեջ կա մի առավել հին և բարդ լեզու, որը սակայն հասկանալի է բոլորին:

Մարմնի լեզուն ծնվում է մեզ հետ միասին:

Ժեստերի, մարմնի լեզուն ծանոթ է բոլորին և միևնույն է աշխարհի բոլոր մարդկանց համար, թեև շատերս օգտագործում ենք այն առանց գիտակցելու: Հետազոտությունները փաստում են, որ այս լեզվի հիմնական հասկացությունները ընդհանուր են ամենատարբեր մշակույթների համար:

Բառերը կարելի է իմաստային առումով փոփոխել, խոսքը կարելի է հեշտությամբ վերահսկել: Բայց մարմինը չի խաբում, մարմնական «խոսքը» գրեթե անհնար է կառավարել: Շատ բաներ այստեղ չգիտակցված են և անմիջականորեն արտահայտում են մեր հույզերը, զգացողություններն ու հոգեվիճակը:

9.30.2014-Body-LanguageՄարդիկ ընկալում, հասկանում և հակազդում են միմյանց մարմնի լեզվի արտահայտումներին: Դրա համար հարկավոր չէ ունենալ մասնագիտական գիտելիքներ, դրանք տրված են բոլորիս ի ծնե:

Ավելի արագ քան բառերը:

Բառերն ու խոսքը ավելի դանդաղ են արտահայտում մեր ներքին վիճակը, քան մարմինը: Մեր մարմնի դիրքը, շարժումները, դեմքի գույնն ու վերջապես միմիկաները խոսակցի կողմից ընկալվում են միանգամից:

Թեստերը ցույց են տալիս, որ կանայք ավելի լավ են հասկանում դիմացինների մարմնի լեզուն, քան տղամարդիկ: Իսկ տղամարդիկ ավելի արագ են հայտնաբերում խաբեության փորձերը, քան կանայք:

top-10-ways-to-show-confidence-with-body-language-flashԱնգամ եթե լուռ նստած ենք այգում կամ ինչ-որ տեղ հերթի մեջ, մենք անընդհատ ազդակներ ենք հաղորդում աշխարհին: Ինչպիսի հուզական երանգավորում, որ ունեն մեր ազդակները, այնպիսի հակազդումներ էլ ստանում ենք ետ: Այդ պատճառով պետք չի զարմանալ, երբ մեր զայրացած մտքերին ի պատասխան հայտնվում ենք զայրացնող իրավիճակներում: Եվ հակառակը:

Ինչպես գտնում են հոգեվերլուծաբանները. «մարմնի լեզվի միջոցով երևում է մտքերի նյութականանալու գործընթացը: Ոչ վերբալ հաղորդագրությունները, որոնք մենք մշտապես հաղորդում և ընդունում ենք, որոշում են մեր կայացրած որոշումների ավելի քան 80%-ը»:

Մարմնի լեզուն բառերի մեջ:

Մարմնական, ոչ վերբալ լեզվի շատ տարրեր մտել են վերբալ լեզվի մեջ որպես ժողովրդական խոսքեր, փոխհարաբերություններ: Մեր առօրյա շփման մեջ մենք հաճախ ենք օգտագործում այնպիսի արտահայտություններ, որոնք կապված են մարմնի հետ, օրինակ՝ «աչք փակել», «գլուխը կախել», «ձեռքերը լվանալ», «թևերը թուլանալ», «լեզուն կծել» և այլն:

Ի՞նչ է տալիս մեզ ոչ վերբալ լեզուն:

The Many Faces of Megan

Մեր սեփական և ուրիշների մարմնի լեզվի ընկալումն ու հասկացումը մի քանի անգամ հեշտացնում է շփումը, արագացնում է դիմացինի ընկալումն ու ապրումակցումը նրան: Նախ և առաջ պետք է սկսել սեփական մարմնի լեզուն գիտակցելուց, իսկ հետո ուշադիր լինել ուրիշների նկատմամբ:

Իհարկե սխալ կլինի մտածել, որ կարող ենք անգիր սովորել մարմնի ազդակները և կառավարել դրանք, որպեսզի մոլորեցնենք խոսակիցներին: Այդ դեպքում նրանք դառնում են արհեստական և կեղծ: Սակայն որոշ իրավիճակներում համապատասխան ժեստերի օգտագործումը կարող է դեպի ձեզ տրամադրել մարդկանց և ավելի արդյունավետ դարձնել հաղորդակցությունը:

Այսպիսով, ինչպես որ սովորում ենք տիրապետել մայրենի եւ օտար լեզուներին, այնպես էլ պետք է սովորենք մեր եւ դիմացինների ժեստերի, մարմնի լեզվի առանձնահատկությունները: Չէ՞ որ հենց մարմնի միջոցով ենք մենք առավել անկեղծ ու անմիջականորեն հակազդում իրավիճակներին:

Հեղինակի մասին

Մարիամ Պետրոսյան

Մարիամ Պետրոսյան

Ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրան: Պարբերաբար անցկացնում է սեմինարներ և թրեյնինգներ՝ ձգտելով նպաստել երեխաների և մեծահասակների ստեղծագործ մտքի զարգացմանը։ Սիրում է հավաքել փայտե մակետներ, զբաղվել ձեռագործությամբ: