Ընտանիք

«Ցանկացած աբորտ կնոջ համար կարող է լինել ճակատագրական»․ մանկաբարձ-գինեկոլոգ Ռաֆայել Թադևոսյան

Կյանքում երեխան ծնվում է սիրված լինելու անհրաժեշտությամբ և  նրա ծնունդը սպասված է ընտանիքում:

Ցավոք միշտ չէ, որ  հղիությունը նոր ձևավորվող երեխայի համար լինում է  սպասված  ու ցանկալի, իսկ նրա ծնվել կամ չծնվելու ճակատագիրը կախված է ծնողների ընտրությունից, եթե իհարկե բացակայում են բժշկական ցուցումները: Բնությունը բազմաթիվ կանանց զրկել է հղիանալու բերկրանքից, իսկ շատերին շռայլել է վայելելու և զգալու բնության այդ հրաշքը: Բայց վերջիններս երբեմն չգնահատելով կամ չգիտակցելով երևույթի կարևորությունը դիմում են ճակատագրական քայլի՝ հղիությունը արհեստականորեն դադարեցնելով, երբեմն ողջ կյանքում զրկվում են մայրանալու երջանկությունից: Որոշ դեպքերում կանայք աբորտի են դիմում ամուսինների  կամ զուգընկերների պարտադրանքով՝ պայմանավորված անցանկալի հղիությամբ կամ երեխայի սեռով:

baby-girl-violet-dress26-ամյա Անահիտին /դեպքը նկարագրելիս հերոսների անունները ներկայացվում են փոփոխված/ բնությունը շնորհել էր հղիանալու բերկրանքը, որը նրա կյանքում առաջին հղիությունն էր, սակայն նա դիմեց հղիության արհեստական ընդհատման՝ աբորտի: Անահիտն այդ քայլին դիմեց, քանի որ նա չէր կարող ամուսնանալ  իր ընկերոջ՝ 40-ամյա  Արամի հետ, իսկ Արամն  ընտանիք ուներ: Թեպետ Անահիտը շատ էր ուզում մայրանալ՝ անկախ իր կարգավիճակից, ամուսնացած է, թե ՝ ոչ, իր համար հղիությունը ցանկալի էր: Ինչևէ, երեխան չծնվեց…  

35-ամյա Սուսաննան ամուսնացած էր, ուներ երկու աղջիկ: Երրորդ հղիությունից նույնպես սպասվում էր աղջիկ: Սակայն ամուսնու՝ 37-ամյա Գագիկի, պարտադրանքով դիմեց աբորտի: Գագիկը ցանկանում էր տղա ունենալ. «երկու աղջիկ ունեմ, ինչիս է պետք երրորդը, ես տղա եմ ուզում ունենալ, ինձ տղա է պետք»: Սուսաննան աբորտի համար դիմել էր տեղամասային պոլիկլինիկա, սակայն այնտեղ բժիշկը հրաժարվել էր աբորտ կատարել և փորձել  էր  կնոջը ետ պահել ամուսնու անտրամաբանական որոշումից: Այնուամենայնիվ, Սուսաննան  դիմել էր մեկ այլ կլինիկիա և այնտեղ նույնպես  բժիշկները ամուսիններին փորձել էին  մտքափոխել, բայց  միևնույնն է  ամուսնու որոշումը անբեկանելի էր…

NEW BABY GIRLԱյս երկու պատմությունից մեկը կնոջ իրավունքի ոտնահարում էր՝ ամուսնու պարտադրանքով հղիության ընդհատում, մյուսը՝ անզգույշ սեռական կապից կինը ունեցել էր չպլանավորած հղիություն:
«Կարծում եմ կանայք աբորտի խնդրի առջև  կանգնում են ոչ գրագետ սեռական կյանքին հետևելիս: Աբորտից առաջ պետք է հնարավոր բարդությունների մասին տեղեկացված լինել, որ այն իրենից ներկայացնում է վիրաբուժական միջամտություն, ունի իր բարդությունների տոկոսը  և հնարավոր է ցանկացած աբորտ կնոջ համար լինել ճակատագրական: Չեմ կարող ասել, թե 26-ամյա Անահիտի  համար  աբորտը ինչպիսի  հետք կարող է թողնել, գուցե ճակատագրակա՞ն լինի այն և  նա երկրորդ անգամ հղիանալու հնարավորություն չունենա և գուցե ի բարեբախտություն իրեն նա նորից հղիանալու հնարավորություն ունենա» իր խոսքի ներածականում նշեց «Շենգավիթ»  բ/կ   մանկաբարձ-գինեկոլոգ Ռաֆայել Թադևոսյանը:

1969226_483111978461363_636382822_n

ՀՀ Կառավարության հավանությանն արժանացած «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծի ընդունմամբ  փորձ է արվում ՝ պահպանելով հղիության արհեստական ընդհատման կնոջ իրավունքը, օրենսդրորեն արգելել պտղի սեռով պայմանավորված աբորտները:

«Ցանկացած առողջ հղիություն չի կարելի ընդհատել: Ողջունելի է, որ սեռով պայմանավորված հղիության ընդհատման համար փորձում են մշակել օրենքներ, որպեսզի արգելվի այն: Հնարավոր է մեր երկրորդ պատմության հերոսը ՝ 35-ամյա Սուսաննան, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման չդիմեր և ամուսնու  կողմից իրավունքի ոտնահարման  չենթարկվեր, եթե ուժի մեջ լիներ այս օրենքը» ,-ասաց բժիշկ Թադևոսյանը:

Մշտապես բժիշկները  բարձրաձայնում են այն մասին, որ  աբորտը կնոջ համար ռիսկային է:

13245861_10207694447937963_1697756147_nՄեր  այն հարցին, թե աբորտը ինչպիսի՞ առողջական բարդություններ կարող է առաջացնել կնոջ կյանքում Ռաֆայել Թադևոսյան պատասխանեց. «Աբորտը հղիության արհեստական ընդհատումն է, որը  կատարվում է  երկու եղանակով՝ դեղորայքային և վիրաբուժական։ Վիրաբուժական մոտեցումն իրենից ներկայացնում է ինվազիվ միջամտություն և ցանկացած վիրաբուժական միջամտություն հղի է հնարավոր բարդություններով: Վիրաբուժական աբորտի պարագայում հնարավոր  բարդությունները փոքր ինչ ավելի մեծ են և այս դեպքում գուցե  արգանդը լիարժեքորեն պտղաձվերից չմաքրվի, արգանդի ոչ ամբողջական կրճատման դեպքում առաջանալ արյունահոսություն, հնարավոր է  գործիքներից վնասվի արգանդը կամ հարևան օրգանները՝ միզապարկ, աղիներ և առաջանալ բորբոքային հիվանդություններ: Աբորտի վիրաբուժական միջամտության դեպքում  հնարավոր է առաջանալ էնդոմետրիտի զարգացում, քանի որ արյունը բարենպաստ միջավայր է ինֆեկցիայի զարգացման համար և աբորտ կատարելիս ինֆեկցիայի մուտքի առկայության  դեպքում  կարող են առաջանալ թարախաբորբոքային հիվանդություններ: Դեղորայքային աբորտի մեթոդի ամբողջ էությունը նրանում է, որ  բժշկի կողմից նշանակվում է համապատասխան դեղորայք, որի ընդունումից հետո կնոջ մոտ առաջանում է ինքնաբեր վիժում: Դժբախտաբար շատ հաճախ կանանց կողմից այս մեթոդը գնահատվում է որպես անվնաս, առողջության վրա բացասական հետք  չունեցող մոտեցում։ Դեղորայքի կողմնակի ազդեցությունը կարող է  առաջացնել ջերմության բարձրացում, ճնշման անկում, հազվասրտություն»:

Մեր զրուցակից մանկաբարձ-գինեկալոգը տեղեկացրեց, որ վերջին շրջանում կանանց կողմից աբորտի  համար դիմելիության ցուցանիշը նվազել է. «Կարծում եմ   կամ  պայմանավորված  է կնոջ ինքանգիտակցության բարձրացմամբ  կամ  արտագաղթով: Հստակ չեմ կարող ասել, թե  որ տարբերակն է գործում»:

Զրույցը վարեց Լիանա Գրիգորյանը

 

Հեղինակի մասին

Լիանա Գրիգորյան

Լիանա Գրիգորյան

Ավարտել է Գյուղատնտեսական ակադեմիայի «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» բաժինը։ Այնուհետև սովորել և ավարտել է Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի «Լրագրություն» բաժինը:
Սիրում է ընթերցանություն և երաժշտություն։ Բարձրագույն մշակույթ է համարում՝ մարդկային փոխհարաբերությունները։