Ընտանիք Հարցազրույց Ֆիլմեր

Եթե ես բավականաչափ համառ լինեմ իմ սիրո մեջ՝ դուք կպարտվեք․ Հարցազրույց «Զարթուցիչ» նախագծի հիմնադիր Գրիգոր Առաքելյանի հետ

Դեկտեմբերի 3-ին «Լոֆթ» կենտրոնում կայացավ «Ֆիլմ և էթիկա» նախագծի սպասված երկրորդ հանդիպումը՝ «Շփման էթիկետ» թեմայով։

1207_poster_1272638420Ներկաները դիտեցին իրական փաստերի հիման վրա նկարահանված, Կլինտ Իստվուդի` «Անպարտելի» ֆիլմը, որը պատմում է Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ՝ Նելսոն Մանդելայի մասին։

Ֆիլմի ավարտից հետո կինոքննարկման ժամանակ ներկաները կիսվեցին իրենց տպավորություններով։ Հանդիպման հյուրն էր «Առաքելյան Փարթներս Քոնսալթինգ» ընկերության և «Զարթուցիչ» նախագծի հիմնադիր Գրիգոր Առաքելյանը, ով կիսվեց իր մասնագիտական հմտություններով շփման ոլորտում։

10845628_798456186870127_3917152731210342411_o– Շփման մեջ գլխավոր գործոնները, որոնք հաճախ խախտվում են մարդկանց կողմից, հիմնականում երկուսն են․
1․ Խոսակցության ժամանակ ուշադրության ակնհայտ շեղումը, երբ զրույցի ընթացքում զբաղվում ենք մեկ այլ գործով։
2․ Զրուցելիս իբր ուշադրությամբ լսելը, բայց մտովի շեղումը, որը խանգարում է հասկանալ զրուցակցին, – ասաց Գրիգոր Առաքելյանը։

Գրիգոր Առաքելյանը պատասխանեց նաև համացանցի միջոցով ուղղված հարցերին, որոնք սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

Շփման մեջ, որպես անբաժան մասնիկ, կարևոր է ժպիտը, ինչը Հայաստանում կարծես քիչ է կիրառվում։ Ի՞նչ եք կարծում սա ինչի՞ հետ կապ ունի, հոգեվիճակի՞, ապրելակերպի՞, թե՞ մեկ այլ երևույթի հետևանք կարող է լինել։

– Ըստ փաստարկների երեխաները օրական ժպտում են միջինը` 40 անգամ, մեծահասակները՝ 8-9 անգամ։ Խնդիրը էմոցիաների մեջ է, որոնք տարիների ընթացքում մենք կրճատում ենք։ Կյանքի որոշ էտապներում էմոցիաները մեզ ցավեցնում են, պատճառ են դառնում մեր որոշ արարքների, որոնց համար մենք հետագայում փոշմանում ենք։ Ժամանակի ընթացքում մենք մեր դրական և բացասական էմոցիաները արտահայտում ենք միայն մեզ համար անվտանգ տեղերում՝ ինչպիսիք են՝ թատրոնն ու կինոն։ Ինքս էլ այս ֆիլիմի ընթացքում ունեի էմոցիաների հրավառություն ու հուզվում էի, իսկ փողոցում կամ արտաքին շփման մեջ՝ մեր էմոցիաները փակ են, քանզի դրանք այնքան էլ անվտանգ տեղեր չեն էմոցիաներն արտահայտելու համար։ Կարծում եմ ավելի ճիշտ կլինի, որ կյանքում էլ գործի դնենք մեր էմոցիաները, բայց մեկ պայմանով․ բացասական էմոցիաները պետք է կարողանանք ճանաչել և վերահսկել, իսկ դրականը՝ բացել։

Ինչպե՞ս կառավարել վատ էմոցիաները, եթե դիմացինը (հաճախորդ, հարևան, գործընկեր, ղեկավար և այլն) մեզ համար հաճախ լինում են անտանելի, իսկ մենք պետք է կարողանանք ժպտալ և շարունակենք պահել մեր բարձր տրամադրությունը։

11239686_831873586861720_4070796779106426421_o– Փորձեմ օրինակով պատասխանել։
Եթե իմ դահլիճ մտնելուց առաջ ձեզ իմ մասին վատը պատմեն, դահլիճ մտնելուց ի վեր ես ստիպված կլինեմ պայքարելու այդ բացասական էներգիայի դեմ։ Այս իրավիճակում գործելու համար ես ունեմ երկու տարբերակ։ Կամ պետք է ինքս էլ պատասխանեմ բացասական էներգիայով ապացուցելով, որ դուք ճիշտ էիք իմ վատը լինելու կարծիքի մեջ, կամ էլ պետք է կարողանամ լինել համառ իմ սիրո և ջերմության մեջ։ Հաղթողը կլինի նա, ում մեջ էմոցիաներն ավելի շատ են։ Եթե ես բավականաչափ համառ լինեմ իմ սիրո մեջ, ապա դուք կպարտվեք։ Յուրաքանչյուր մարդ պետք է վստահ լինի իր սիրո մեջ, եթե ուզում է հաղթել ցանկացած բացասական մոտեցման։

Աստվածաշնչում այս մասին հստակ ուսուցանվում է, որ մենք չարին կհաղթենք միայն մեր սիրով։ Այլ հարց է, եթե որևէ մեկն իր արարքով վտանգ է սպառնում մեր կամ մեր հարազատի կյանքին, ապա պետք է պատասխանել արարքին համահունչ, իսկ երբ խոսքը գնում է անզգույշ խոսքի, ժեստի կամ արարքի մասին է, ապա սերը ի զորու է դիմացինին զինաթափելու։

Հարց դահլիճից. Ինչո՞ւ պետք է ես սիրեմ ինձ չսիրողին։

Մենք պետք է սիրենք նույնիսկ մեզ չսիրողին, քանի որ սիրելը մարդու բնական վիճակն է։ Ինչպես ցանկացած բնական վիճակ, այնպես էլ սիրո էմոցիան մարդուն դարձնում է շատ ուժեղ: Իսկ Ձեր ցանկությունը հենց ուժեղ դառնալը չէ՞ ՝ ավելի ուժեղ քան նա, ով Ձեզ չի սիրում։
Ասեմ ավելին․ սերը` պատերազմը դեռ չսկսված պատերազմը հաղթող ուժն է։

12Աշխարհում կարծես տենդենց կա շտապելու։ Բոլորը շտապում են քայլելիս, գործելիս, նպատակին հասնելիս և այլն։ Ինչո՞վ կբացատրեք այս երևույթը։

– Մարդիկ ասում են, որ եթե դու մի տեղ ես, իսկ մտքով ենթադրենք՝ տանը, ուրեմն դու տանն ես, ոչ թե տվյալ վայրում, ուր կանգնած ես ֆիզիկապես։ Իսկ ես կարծում եմ, եթե ես հիմա այստեղ եմ, իսկ մտքերով՝ տանը, ապա ես ոչ այստեղ եմ, ոչ էլ՝ տանը։

Երեխաները մինչև 12-14 տարեկան մտքով լինում են այստեղ և հիմա։ Առավել բարձր տարիքում նկատում ենք հետևյալ երևույթը․ առավոտյան արթնացանք, մտքով լոգանք ենք ընդունում, լոգանք ընդունելիս մտածում ենք, թե ինչ շոր ենք հագնելու, հանգվելիս մտածում ենք՝ ինչ ենք ուտելու, ուտելիս մտովի իջնում ենք վերելակով, վերելակի մեջ մտածում ենք աշխատավայրի մասին, աշխատավայրում մտածում ենք ընդմիջման մեջ, ընդմիջելիս մտածում ենք այն գործերի մասին, որը պետք է անենք ընդմիջում գնալուց հետո, հետո աշխատելիս մտածում ենք աշխատանքի ավարտի մասին, տուն գնալիս էլ մտովի հետ ենք գնում ու քննում մեր ամբողջ արրած-չարածը օրվա մեջ։

Եթե այս ամենին գումարում ենք սոց-կայքերում անցկացրած մեր ժամանակը, ուր գտնվում ենք օրվա մեծ մասը, ապա պատկերը դառնում է ամբողջական։ Երբ մենք գտնվում ենք այս վիճակում, մեր բոլոր զգայարաններն աշխատում են իրենց հնարավորության 20%-ը։ Մենք շտապում ենք ապրել, որովհետև՝ բացակայում ենք մեր ներկայից։
12027161_878666145515797_757168471740488883_o

Ո՞րն եք համարում մարդու զարգացման կարևոր շարժիչ ուժը։

– Հետաքրքրասիրությունը, քանի որ այն բնության կողմից մեզ տրված մի բնազդ է, որը ստիպում է մեզ հասկանալ ինչից է կազմված ամեն ինչ։ Երբ տեսնում եք մարդկանց, ովքեր շատ բան գիտեն, իմացեք, որ նրանք հետաքրքրասեր մարդիկ են։ Մարդն ի ծնե օժտված է ստեղծագործող բնազդով, որի հիմքը հետաքրքրասիրությունն է։ Այն բարձրացնում է մարդու մտահորիզոնը և օգնում արարելու՝ նորը։

Ձեր կարծիքով փոխե՞լ, թե՞ փոխվել։

– Փոխվել ինքդ, փոխել՝ աշխարհը։ Փոխելիս չի կարելի կպնել մարդկանց։ Փոխեք նույնսիկ գետերի հուները, բայց մարդկանց՝ մի կպեք:  Յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրելու փոխվել, թե ոչ, բայց մեկ ուրիշը իրավունք չունի և չի կարող փոխել մարդուն, եթե նա՝ ինքը չի ցանկացել փոխվել, քանի որ դիմացինն էլ ձեզ նման հզոր է, ունակ՝ ամեն ինչ փոխելու։ Երբ փոխվենք մենք, կկարողանանք փոխել աշխարհը՝ սիրով։

Հանդիպումը վարեց «Տեր և Տիկին» Էթիկայի կենտրոնի տնօրեն՝ Մարգարիտա Խաչատրյանը:

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: