Ընթերցարան

«Բռնիր ձեռքս․ ես վախենում եմ» Արմեն Նիազյան

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Այդ օրը հոր ընկերներից մեկը չափն անցավ, ու հանկարծ ուզեց, որ ընկերոջ 13 տարեկան աղջիկը պարի իրենց համար…

Հարբած, ոտքերի վրա հազիվ քարշ գալով մտավ երեխաների սենյակ ու փոքրիկի ձեռքից բռնած՝ քաշելով տարավ:

Աղջիկը լացում էր. գիտեր, որ անիմաստ է հորից օգնություն կանչել, իսկ եղբա՞յրը, նա բազմիցս էր ասել, որ այդ տանը մնում է միայն քրոջ համար, այլապես վաղուց արդեն հեռացած կլիներ տանից:

-Թո՛ղ քրոջս,- գոռաց 15 տարեկան Արամը։
-Տեսեք է, տղամարդկությունդ բռնե՞ց էլի, խելոք նստի՛ տեղդ։ Կգա, կպարի, մի քիչ մեզ կուրախացնի ու վերջ։ Մենք էլ մարդ ենք չէ՞, ուրախանալ ենք ուզում:
Արամը հարձակվեց տղամարդու վրա, բայց անզոր էր։ Մի շառաչուն ապտակ ստանալով՝ ընկավ բազմոցին:

Ոչ ոք կարծես ուշադրություն չէր էլ դարձնում այս ամենին: Հայրն էլ մեկ ուրիշի հետ նստած խմում էր: Արամը հասկացավ, որ հարբած տղամարդիկ դժվար թե բավարարվեին իր փոքրիկ քրոջը միայն պարացնելով․․․ Կատաղած մոտեցավ սեղանին, արագ վերցրեց օղու շիշն ու ամբողջ ուժով հարվածեց նրա գլխին: Տղամարդը երերաց ու ընկավ գետնին:

***
Երբեմն ակամա հայտնվում ես փակուղում, ու թվում է՝ այլևս ելք չկա… armen-book-cover
Հուսահատ բռնում ես գլուխդ ու փորձում հիշել՝ որտե՞ղ սխալվեցիր, որտե՞ղ էր բացթողումդ։ Նայում ես կյանքիդ, ուզում ես հասկանալ, որտե՞ղ է ավարտվում խավարը և որտեղի՞ց է սկսվում լույսը։
Երբ հետդարձի արահետները կորել են մշուշում, իսկ առջևում… առջևում բարեկեցիկ կյանքն է, լավ ապագան, որը քեզնից մի անդունդ է բաժանում, այդժամ ցավով հասկանում ես, որ բացակայում է քեզ դեպի այդ կյանքը տանող կամուրջը։
Քեզ մնում է գոյատևել քո փոքրիկ աշխարհում, հեռվից դիտելով՝ ապրողներին։ Սպասել հրաշքի,  որ գուցե մի օր կհայտնվի մեկը,  կբռնի ձեռքդ ու կտանի դեպի նոր աշխարհ, նոր կյանք։

***
Հաջորդ առավոտյան տան բակում մարդիկ էին հավաքված, ոստիկանները զրուցում էին, ինչ-որ բաներ գրում, նկարում…

Արամը տեսավ, որ գետնին ինչ-որ սպիտակ կտոր է գցած: Շնչակտուր վազեց տուն ու սառած կանգ առավ։ Հասկացավ. ինչ-որ մեկի մարմինն են ծածկել: Արցունքները խեղդում էին: Ոստիկանները հասան ու ձեռնաշղթաներ հագցրեցին նրա ձեռքերին:
-Թույլ տվեք մոտենամ նրան,- խնդրեց Արամը:
Ոստիկանները նրան ուղեկցեցին գետնին ընկած տղամարդու մոտ, բացեցին դեմքը։

Ամեն բան մի ակնթարթում սևացավ, գունազրկվեց, կորցրեց իր իմաստը… աշխարհը փոքրացավ ու դարձավ սպիտակ մի ծածկոց։

brnir-dzerqsՀաճախ անտեսում ենք այլոց խնդիրները, քանզի դրանց լուծման ճանապարհին խնդիրներ կունենանք և մե՛նք։ Իսկ իմ գրքում փորձել եմ բարձրաձայնել այնպիսի երևույթների մասին, որոնք անտեսելիս մենք՝ ինքներս, ավելի շատ ենք տուժում, քան ողբերգության հերոսը:

Ովքե՞ր են գրքի հերոսները:

Նրանք մարդիկ են, ովքեր ապրում են մեր շրջապատում՝ իրենց սրտում կրելով ողբերգություն ու դրամա․ մանկատանը հայտնված երեխան, ծերանոցում աչքը որդու ճամփին մնացած ծերունին, ձմռան ցրտին դրսում սառչող անտեր Գագասը, ապակե իրեր վաճառելով մի կերպ գոյատևող տատիկը, լույս աշխարհ չեկած ու ապրելու իրավունքից զրկված փոքրիկ երեխան

***
Իսկ այս պատմության ավարտը գուցե օգնի շատերին՝ նկատել դիմացինի աչքերում եղած ցավը, ողբը, դեմ կանգնել մերօրյա ահագնացող չարիքին՝ անտարբերությանը, կարեկից լինել ու ձեռք մեկնել դիմացինին..․

Ի վերջո, գուցե մեր կողքին ապրում է այն տասներեքամյա աղջնակը, ով ամեն առավոտ հուսալքված դիմում է եղբորը՝ ասելով․

– Արա՜մ, բռնիր ձեռքս, ես վախենում եմ:

Արմեն Նիազյան

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: