Բանաստեղծություններ

Անունն ի՞նչ դնեմ

Ռուբեն Կարոյան
Հեղինակ՝ Ռուբեն Կարոյան

Թե սուտ արարքս խաբելով փակեմ,
Ւմ ճշմարտության անունն ի՞նչ դնեմ,
Թշնամուս դուռը ատելով թակեմ,
Մեծահոգությանս անունն ի՞նչ դնեմ:

Առանց հիմք շինեմ տանս պատերը,
Իմ արած գործի անունն ի՞նչ դնեմ,
Սրտիցս հանեմ սիրուս պատկերը,
Էլ անկեղծ սիրուս անունն ի՞նչ դնեմ:

Ի՞նչ դնեմ անունն այն վիրակապի,
Երբ բացված վերքս դանակն է փակում,
Ձեր տված ճաշը խոզն էլ չի լափի,
Երբ խոհարարը ապրում է անկում:

Դաշտում ականը ինքնակամ սեղմեմ,
Անձնազոհությանս անունն ի՞նչ դնեմ,
Աղքատի քաղցը խոսքերով մեղմեմ,
Ողորմությանս անունն ի՞նչ դնեմ:

Ո՞րն է իմ խոհեմ ու արդար քայլը,
Երբ թևը կտրեմ ինձ ջերմ գրկողի,
Կփոխվի՞ արդյոք անվանս փայլը,
Երբ նվաստացնեմ ինձ համբուրողին:

Համբուրե՞մ արդյոք անձս քծնողին,
Իսկ ապտակս տամ կյանքս փրկողի՞ն,
Ամոթանք լինեմ իմ թանկ ծնողին,
Ինձ աշխարհ բերող ու միշտ գրկողին:

Կլուծե՞մ արդյոք տանս կարիքը,
Թե որ օգտվեմ այլոց վաստակից,
Ծակե՞մ ինձ տանող օդապարիկը,
Որ խույս տամ եկող ամպրոպի տակից:

Խփեմ ու խոցեմ, մեջքից հարվածեմ,
Ինձ մարդ կոչողին ի՞նչ պատասխան տամ,
Տականքի հանդեպ ես հարգանք տածեմ,
Իմ պեսի վրա լացե՞մ, թե՞ խնդամ:

Պետք չէ ինձ օտար փունջը դարդերի,
Իմ միակ վերքով հանգիստ կքնեմ,
Աշխարհի փառքն ու փայլը զարդերի,
Չեմ ուզում, փառքն իմ ինքս կծնեմ:

Փշերը հիշեմ բազում վարդերի,
Իմ երգում վարդերն անփուշ կծնեմ,
Տեսքս ոսկեզօծ, բայց հոգով թերի,
Թափված Սուրբ Արյան անունն ի՞նչ դնեմ:

Ռուբեն Կարոյան

Հեղինակի մասին

Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյան