Բանաստեղծություններ Հավատք

Հայտնություն 3:5

Ռուբեն Կարոյան
Հեղինակ՝ Ռուբեն Կարոյան

Մեր կյանքում որքա՜ն թուղթ ենք լրացրել,
Օրագիր կյանքի, թե դպրոցական,
Մեր մասին տարբեր գրեր են գրվել,
Տպագիր բլանկ կամ ծննդական:

Հաճախ հին տետրերն արխիվից հանում,
Հիշում ենք դպրոցն ու մի դասարան,
Ուր դաս պատմելով նիշ էինք ստանում
Ու տեղափոխվում հաջորդ դասարան:

Իրավական թուղթ, ակտ ու անձնագիր,
Կամ էլ մեր մասին պետական այլ գիր,
Ուղեկցում են մեզ մեր ամբողջ կյանքում,
Քանի գործում ենք ու կանք աշխարհքում:

Մեր կյանքում որքա՜ն էջ ենք լրացրել,
Գրել մե՛ր ձեռքով, կամ էլ ուրիշի,
Շատ էջեր էլ կան՝ ապրել ենք, անցել,
Որ հիմա, ավա՜ղ, պահն այդ չենք հիշի:

Կա նաև մի Գիրք, շուտ ենք մոռանում,
Ոմանք իր մասին ուշ են իմանում,
Հնազանդվում են կամ ըմբոստանում
Եւ այդպես ըմբոստ ապրում, ծերանում:

Փրկված օրվանից մասն ենք այդ Գրքի,
Ուր գրվածն ամեն պահն է մեր կյանքի,
Ոչ մի քրիստոնյա փաստն այս չի հերքի,
Տերն է հեղինակն այդ Կյանքի Գրքի:

Կյանքն է հավիտյան ամփոփված այնտեղ
Եվ թե ովքեր են այդ կյանքում կենում,
Իսկ նրանք, ովքեր ճամփեքին են շեղ,
Այդ շեղ ճամփեքով երկինք չեն գնում:

Այսօր անունդ գրվեց այդ Գրքում,
Հրեշտակներն անգամ պարում են, երգում,
Արարչի Հոգին ցնծությամբ լցվեց,
Որ կորած որդին այսօր գտնվեց:

Ջա՛նք արա մնալ Գրքի էջերում,
Հավատով սպասի՛ր օրվան փրկության,
Եղի՛ր հաշտեցնող, սիրողի դերում,
Եվ հետ չկանգնե՛ս ճամփին ստրկության:

Մոտ է գալուստը Քրիստոս Հիսուսի,
Որ առավ մարդկանց մեղքերն Իր վրա,
Ցնծությամբ սպասի՛ր Փրկչի գալուստին,
Կյանքիդ բեռն ամեն թո՛ղ Նրա վրա:

Իսկ դու ա՛ռ բեռը Աստծո Միակի,
Բեռը այդ քաղցր է ու այնքա՜ն թեթև…
Օջախիդ դուռն էլ չարը չի թակի,
Դու կլինես գանձ ու Տիրոջ պարգև…

Ռուբեն Կարոյան

Հեղինակի մասին

Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյան