Երաժշտություն Հայ դասականներ

«Հապա էն սար». Աշոտ Աշիկյան (ըստ Հովհ. Թումանյանի «Հայ ուխտավորին» ստեղծագործության)

ՀԱՅ ՈՒԽՏԱՎՈՐԻՆ

Գնա՛ս բարով, ա՛յ ուխտավոր,
Երանի քեզ, հայ ուխտավոր,
Որ կարոտով ու սիրառատ
Ուխտ ես գնում դեպ Արարատ։
Զեփյուռներով, ծաղկանց բույրով,
Ինչպես ծնող սիրագորով,
Քեզ կողջունեն զմրուխտ հագած
Գեղամ սարերն ու Արագած,
Ու կարոտած աչքի նըման
Քեզ կըժպտա վճիտ Սևան,
Որ լեռների շուքերի հետ
Խաղ է անում, խայտում վետ-վետ,
Փայլփլում է ծըփանքներով,
Հորինում է լույսերի ծով,
Եվ մերթ վշտով ու տխրությամբ
Սևանում է, ինչպես մութ ամպ…

Հապա էն սա՜րն, էն սար հսկան,
Էն սարերի սարն ու արքան,
Լազուր երկնի ծոցը մըտած,
Ճերմակ գլուխն ամպեր փաթթած,
Ահա կանգնեց ծանր ու տրտում
Քու առաջևն ու քու սրտում…
Է՜, նա արդեն քանի սև դար
Պերճ գագաթովն իր ձյունափառ
Շողշողում է, փայլատակում,
Եվ ուխտավոր հայի հոգում
Հպարտության ծնում թունդեր
Եվ սիրելի երազ՝ թե դեռ
Էն երկնահաս Մասյաց կատար,
Ուր հին տապանն առավ դադար,
Դադար կառնեն փառքերն մեր հին,
Որ նորափայլ իջնեն կըրկին…

Հենց խոնարհես աչքերըդ ցած,
Լայն դաշտի մեջ, առջևդ հանկարծ,
Մառախուղից իր խաչի հետ
Կըբարձրանա մի սուր գըմբեթ,
Որ կըխոսի մարդու հոգուն՝
— «Խաղաղութիւն ամենեցուն»…
Էնտեղ էն հին դարերից վեր,
Երկնաքարոզ, հուժկու ձայներ,
Սահակ Պարթև, Ներսես մեծին
Խաղաղություն քարոզեցին։
Էնտեղ լցված ահեղ հոգով,
Աստվածային իր տեսիլքով,
«Էջմիածինն ի Հօրէ»,
Որ Հայաստան լուսավորե։
Ու լույսն առան ծավալեցին
Լուսավորիչն ու մեծ Տրդատ,
Ու տակավին այնտեղ կեցած
Կըսավառնեն հոգիացած։

1893թ.

Հեղինակի մասին

Սուրեն Սահակյան

Սուրեն Սահակյան

Ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի մագիստրատուրան: ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվել է անվանական ժամացույցով: Շախմատի Երևանի չեմպիոն է: Սիրում է ֆուտբոլ, որակյալ երաժշտություն և այն ամենն, ինչ գեղեցիկ է: