Ապրելակերպ

Դու՞ էլ ես երազում լինել այսպիսին

Որքա՜ն հաճախ ենք մենք մտածում այն մասին, թե ինչպե՞ս դուր գալ բոլորին, ի՞նչ պետք է անել դրա համար:

Պետք է լինել ուրախ, հետաքրքիր, բարեհամբույր, կարևոր է նաև կարողանալ լսել դիմացինին: Հատկանիշների այս ցուցակը կարելի է շարունակել շատ երկար, բայց մենք անկասկած պետք է հիշենք, որ չենք կարող դուր գալ բացարձակապես բոլորին:

Թեև անհնար է ամենքի հավանությանն արժանանալ, սակայն լինել այն մարդն, ում հետ հետաքրքիր է զրուցել, լինել հաճելի զրուցակից, սա միանշանակ հնարավոր է:

1. Մի՛ եղեք ձանձրալի

Ճիշտ է, շատ դժվար է հասկանալ, որ այդ պահին մենք ձանձրացնում ենք, քանի որ գրեթե միշտ մենք մեզ լավագույնն ենք համարում: Բայց երբ դուք պատմում եք ինչ-որ հետաքրքիր պատմություն և տեսնում եք, որ մարդիկ արդեն հորանջում են, հնարավոր է՝ այդ պատմությունն այնքան էլ հետաքրքիր չէ, որքան այն թվում է: Փորձե՛ք այն հնարավորինս շուտ ավարտին հասցնել և թույլ տալ խոսել մյուսներին:

Ամենախարիզմատիկ մարդիկ միշտ լավագույն ունկնդիրներն են:

Մարդիկ միշտ սիրում են խոսել հատկապես իրենց հաճելի բաներից, և դա է պատճառը, որ լավ ունկնդիրների պակաս միշտ կա: Տվե՛ք ձեր զրուցակցին հնարավորություն պատմելու ձեզ իր մասին: Ցույց տվե՛ք, որ հետաքրքրված եք իրենով, զրույցի ընթացքում նրան տալով հարցեր:

2. Քննարկե՛ք ձեր զրուցակցի հետաքրքրությունները

Հարցրե՛ք, թե ինչ հոբբի ունի նա: Եվ եթե բարեբախտաբար ձեր հետաքրքրությունները համընկնում են, հմտորեն ծավալե՛ք հաճելի զրույց նրա հետ, իսկ եթե ոչ, ապա խնդրե՛ք նրան մանրամասնել այն, և վստա՛հ եղեք՝ նա դա կանի հաճույքով:

Հոգեբանների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ զրույցի ընթացքում բառերը միայն 7% ուշադրություն են գրավում, մնացած ուշադրությունը զրուցակիցը տալիս է ձայնի տոնին և ժեստերին:

Ժպտացե՛ք, եղե՛ք զգացմունքային, մի՛ ընկեք միայն գեղեցիկ բառերի ետևից, հետևե՛ք ձեր ժեստերին, դրանք առավել քան կարևոր են:

3. Շփվե՛ք հետաքրքիր մարդկանց հետ

Մարդիկ, որոնց հետ մենք անցկացնում ենք մեր ժամանակը, մեծ ազդեցություն են ունենում մեր բնավորության վրա:

Մի՛ վախեցեք շփվել ձեզանից խելացի մարդկանց հետ:
Նրանք միայն կօգնեն ձեզ  դառնալ ավելի խելացի և հետաքրքիր մարդ հասարակության մեջ:

4. Կարդացե՛ք հետաքրքիր գրքեր

Դիտե՛ք ինտելեկտուալ հեռուստահաղորդումներ, ինքնազարգացումը թող դառնա ձեր կյանքի հավատարիմ ուղեկիցը:

Ամենաճիշտ միջոցը ուրիշների և, ինչո՞ւ ոչ, ինքներդ ձեզ համար հետաքրքիր լինելու՝ հետաքրքիր կյանք ապրելն է:

Եվ հավատացե՛ք, դա ձեզ կտա ավելին, քան պարզապես հետաքրքիր զրուցակից լինելու հնարավորություն:

Հեղինակի մասին

Մերի Հովհաննիսյան

Մերի Հովհաննիսյան

Ավարտել է Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիան և Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Քրիստոնեական երգերի հեղինակ կատարող է: Հետաքրքրվում է գրեթե ամեն ինչով, բացի քաղաքականությունից: