Հայ դասականներ

Վահան Տերյան. Շշուկ ու շրշյուն

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

ՇՇՈՒԿ ՈԻ ՇՐՇՅՈՒՆ

Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն,
— Բարդիներն են բաց պատուհանիս տակ,—
Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում,
Կանչում ես նորից կարոտով հստակ։

Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում,
Եվ շշնջում ես, և անուշ շրշում,
Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում։

Ամպերը ճերմակ երամով անցան
Թռչունների պես,— լուսեղե՜ն երազ,—
Դո՛ւ ես, որ դարձյալ ժպտացիր անձայն
Քո հեռու հեռվից, անհայտ ու անհաս։

Ջրերն են անվերջ միգում հեկեկում,
— Իմ սիրտն է լալիս կարոտով անհուն,—
Թվում է, որ դու տխրությամբ անքուն
Ինձ ես որոնում աղոտ աշխարհում։

Եվ ժպտում ես ինձ, ակնարկում քնքուշ
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում,
Եվ շշնջում ես, և շրշում անուշ,
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում։

Վահան Տերյան

 

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: