Հայ դասականներ

Առավոտ. Վահան Տերյան

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

ԱՌԱՎՈՏ

Այսօր դու քաղցր ես նայում, առավոտ,
Եվ դյութական է համբույրը քո զով,
Եվ լայն է բացված հեռուն արևոտ,
Ու գինով եմ ես մի նոր երազով…

Ելնել ճանապարհ, խնդուն հեռանալ,
Զվարթ և թեթև թափառել ազատ,
Եվ ո՛չ հայրենիք, ո՛չ տուն ունենալ,
Ո՛չ անուն, ո՛չ զենք, ո՛չ փառք, ո՛չ արծաթ…

Սիրել ու կրկին սիրել խնդագին,
Փայփայել քնքուշ, լինել հարազատ,
Հեռանա՜լ, դառնա՜լ կրկին ու կրկին,
Անհուն աշխարհում բացսիրտ և ազատ։

Ողջունել սիրով անց ու դարձողին,
Օրհներգել կյանքը, աշխարհին ժպտալ,
Հարազատ լինել ջրին ու հողին
Եվ անհուն սիրով սիրել ու գթալ…

Մութ հավերժության դառնությունն զգալ,––
Եվ թախծել անհուն և անչար լինել,—
Մեռնող մանկան մոտ դառը հեկեկալ,
Բաց շիրմի առաջ ողջ կյանքը օրհնել…

Մեռնել անտրտունջ հնազանդության
Մեղմագին երգով, ժպիտով քնքուշ. —
Զգալ, որ ողջը հեքիաթ է միայն,
Ցնորք է անվերջ, երազ է անուշ…

Վահան Տերյան

 

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: