Ընտանիք

Զարգացնող խաղեր՝ 3-5 ամսեկան երեխաների համար

Երեխային մեծացնելը մի ոսկե ժամանակաշրջան է յուրաքանչյուր մայրիկի համար:

Դուք տեսնում եք, թե ինչպես է ձեր փոքրիկը օր օրի մեծանում, սկսում ավելի լավ ընկալել՝ մայրիկի ծիծաղելի երգերը, փոքրիկ մարմնամարզություններն ու գեղեցիկ առարկաները: Եվ այս ամենը ուրախացնում է ձեզ՝ պագևելով անմոռանալի պահեր:

Սիրելի մայրիկներ, դուք մեծ ներդրում պետք է ունենաք ձեր երեխայի զարգացման մեջ՝ սկսած այն պահից, երբ նա դեռ նոր-նոր սկսում է արձագանքել արտաքին միջավայրին: Ահա և ձեզ համար մի քանի պարզ խաղերի օրինակներ, որոնք կօգնեն ձեզ՝ զարգացնել երեխայի զգայական, տեսողական, լսողական, զգայարանները, ինչպես նաև ռիթմի զգացումը: Իհարկե, այս խաղերը նաև կօգնեն ձեզ ավելի ամուր և մտերմիկ կապ ստեղծել՝ ձեր և ձեր փոքրիկի միջև:

Խաղեր՝ 3 ամսական երեխայի համար:

Սա մի ժամանակահատված է, երբ փոքրիկն արդեն ձգտում է իր թաթիկներով հասնել ինչ-որ առարկաների: Ամենահարմար պահն է երեխային շրջապատելու՝ գեղեցիկ, գունավոր և անվնաս առարկաներով:

Պառկեցրեք նրան մեջքի կամ փորիկի վրա և թույլ տվեք, որ նա հետաքրքրությամբ ուսումնասիրի այդ առարկաները՝ դրանք շոշափելով: Վերցրեք այդ իրերից, այնպես, որ նա նկատի և պահեք մի փոքր հեռու, որպեսզի նա փորձի ինքնուրույն ետ վերադարձնել այն: Այսպես երեխան կսկսի ճանաչել առարկաները և հիշել դրանք: Սա նաև լավ վարժություն է՝  աչքերի, մեջքի և պարանոցի համար:

Երեք ամսականից սկսած, երեխան ոչ լիովին, բայց արդեն սկսում է ընկալել արտաքին միջավայրի ձայները: Վերցրեք ձայն հանող որևէ խաղալիք և, սկսե’ք, սկզբում փոքրիկի աջ, այնուհետև` ձախ կողմում այն հնչեցնել, հետևելով նրա արձագանքին: Կամ դուք արտաբերեք հնչյուններ, եթե փոքրիկը փորձեց արտաբերել այն, շարունակեք նրա հետ մի որոշ ժամանակ ունենալ նման զվարճալի երկխոսություն: Արդյունքում դուք կզարգացնեք փոքրիկի լսողական զգայարանները:

4 ամսականում՝

Երեխան արդեն ոչ միայն կարող է ձեզ զարմացնել իր ֆիզիկական զարգացմամբ, առարկաների հանդեպ իր անսահման հետաքրքրությամբ, այլև նա կզարմացնի և կուրախացնի ձեզ` «մա-մա -մա», «պա-պա-պա», «տա-տա-տա», կիսաերգեցիկ և քաղցրիկ արտաբերումներով:

Այս ժամանակահատվածում, նրա համար ավելի հետաքրքիր կարող է լինել շփումը մեծերի հետ, և լավագույնը, հնարավոր է դառնան այն բոլոր խաղերը, որտեղ կա՝ խոսքի շփում, երաժշտություն, երգ:

Կարելի է միացնել մանկական երգեր և փորձել ուղղակի երաժշտական հնչյուններ արտաբերել, օգնել, որ նա թաթիկներով՝ ռիթմի մեջ, հարվածի ձեր ձեռքերին: Տիկնիկների օգնությամբ մի փոքրիկ բեմադրությունը, նույնպես, կարող է դուր գալ և զվարճացնել փոքրիկին, զարգացնելով նրա՝ խոսքի, պատկերների, ռիթմի ընկալումը:

5 ամսականում՝

Երեխան արդեն ավելի ու ավելի լավ է սկսում կառավարել իր ձեռքերն ու ոտքերը, կարողանում է ձեռքերում պահել առարկաները, և ավելի շատ նրան սկսում են հետաքրքրել խաղերը՝ առարկաների օգնությամբ: Նա կսկսի ակտիվորեն նետել դրանցից շատերը և դա նրան կուրախացնի:

Վերցրեք՝ փափուկ, անվնաս խաղալիքներ և սկսեք պարզապես միասին նետել դրանք, հետո օգնեք նրան՝ հասնել այդ խաղալիքին և ինքնուրույն վերցնել այն: Այդ ընթացքում, ձեր արտաբերած յուրաքանչյուր հիացմունքի ճիչ կամ զարմանքի արտահայտումը՝ ձայնային արտաբերումների միջոցով, էլ ավելի կհետաքրքրացնի խաղը փոքրիկի համար:

Այսպիսով, նա կսկսի ավելի ակտիվ արձագանքել ձեզ և կսկսի ավելի ճկուն լինել տեղաշարժվելիս: Եվ ի վերջո, այս ամենը կհետաքրքրացնի երեխայի՝ ձեր հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը, պարգևելով ամենագեղեցիկ վերապրումները՝ ձեզ և նաև ձեր փոքրիկին:

Հեղինակի մասին

Մերի Հովհաննիսյան

Մերի Հովհաննիսյան

Ավարտել է Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիան և Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Քրիստոնեական երգերի հեղինակ կատարող է: Հետաքրքրվում է գրեթե ամեն ինչով, բացի քաղաքականությունից: