Նորաձևություն

Ոճային լինելու 5 կարևոր սկզբունք

Ի՞նչ է ոճը:

Եթե այս բառի բացատրությունը փնտրենք բառարաններում, ապա դա գեղարվեստական միջոցների համադրությունն է, որով մենք արտահայտում ենք ինքներս մեզ:

Այդպիսի միջոցներից է հագուստը, և ես ձեզ կծանոթացնեմ 5 հիմնական սկզբունքների, որոնք ձեզ կօգնեն ստեղծել ձեր սեփական ոճը հագուստի մեջ:

1. Անհատականություն:

Սա ամենակարևոր հասկացությունն է ոճի համար: Շատ հաճախ մենք հագնվում ենք այնպես, որ նմանվում ենք հազարավոր այլ կանանց և դառնում այդ ամբոխից մեկը: Այդ իսկ պատճառով հազվադեպ ենք լսում «նա ունի իր սեփական ոճը» արտահայտությունը: Ոճը, դա ձեր յուրահատկությունն է, մյուսներին չնմանվելը: Նույնիսկ եթե ձեզ դուր է գալիս նորաձևության որևէ առաջարկ, մտածեք և ստեղծեք դրա մեջ ինչ-որ բան ձեզանից, առանձնահատուկ մի բան, որը թույլ կտա մարդկանց ձեր կերպարն ընկալել անսովոր և հետաքրքիր տեսանկյունից:

2. Նպատակահարմարություն:

Երբ պատրաստվում եք գնումներ կատարել ձեր զգեստապահարանը լրացնելու համար, հարկավոր է իմանալ, թե որտեղ եք այն կրելու և ինչի հետ կարելի է համատեղել: Սա նույնպես կարևոր սկզբունք է ոճային լինելու համար: Եվ չպետք է մոռանալ ոչ միայն համատեղելիությունը, այլև համապատասխանությունը վայրին, որտեղ պատրաստվում եք հաճախել: Օրինակ սպորտային հագուստով խորհուրդ չի տրվում այցելել գրասենյակային վայրեր և դասական հագուստով բնության գրկում հանգիստն անցկացնելու գնալը շատ ծիծաղելի կդիտվի:

3. Միաոճություն:

Սա նշանակում է, որ վերնազգեստի ոճը պետք է համապատասխանի այն հագուստին, որի վրայից այն կրում եք: Թեև այս սկզբունքը վերջերս անտեսված է և շատերն այսօր կրում են դասական խիստ վերարկու թեթև կիսաշրջազգեստների վրայից, այնուամենայնիվ մասնագետ ոճաբաններն առաջարկում են ոճային ներդաշնակություն ձեր հագուստում:

4. Մարմնի կառուցվածք:

Սա նույնպես մեծ դեր ունի սեփական ոճը գտնելու հարցում: Այստեղ կարևոր է ունակությունը՝ հմտորեն թաքցնել ձեր կառուցվածքային թերություններն ու ընդգծել առավելությունները: Պետք չէ կրել կարճ կիսաշրջազգեստներ, եթե չունեք գեղեցիկ ոտքեր և այլն:

5. Գույն:

Սա կարծես ամենապարզ խնդիրն է, բայց հաճախ կարելի է տեսնել կանանց, ովքեր կրում են իրենց տարիքին, մաշկին անհամապատասխան գույնի հագուստ: Այո, հագուստի գույնը նույնիսկ կարող է ձեզ ծերացնել: Դրա համար պետք է ընտրել այնպիսի գույներ, որոնց մեջ դուք կունենաք ավելի պայծառ, երիտասարդ, թարմ տեսք և հետևաբար կլինեք ավելի ոճային:

Հեղինակի մասին

Մերի Հովհաննիսյան

Մերի Հովհաննիսյան

Ավարտել է Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիան և Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Քրիստոնեական երգերի հեղինակ կատարող է: Հետաքրքրվում է գրեթե ամեն ինչով, բացի քաղաքականությունից: