Բանաստեղծություններ

Գուցե…

Ռուբեն Կարոյան
Հեղինակ՝ Ռուբեն Կարոյան

Գուցե և գաս, չգիտեմ,
Գուցե խոսենք, ինչպես միշտ,
Թեմաներով այն բազում,
Որ երկուսիս են հուզում:

Գուցե և տաս, չգիտեմ,
Հարցեր, որ դու չգիտես,
Վստահես գուցե նորից
Իմ խորհրդին, չգիտեմ:

Գուցե լսես կարծիքներ,
Թե քո տեղը չգիտեմ,
Բայց խոսքերն իմ քո մտքում
Հուշեն, որ տեղդ գիտեմ:

Գուցե շատ ես կարոտում,
Գուցե լացում, չգիտեմ,
Գուցե և իմ փոխարեն,
Քեզ իմ խոսքերն են ընկեր,
Որ հաճախ մտաբերում,
Հագեցնում ես կարոտդ,
Իսկ թե օգնո՞ւմ է արդյոք,
Թե՞ լոկ դու ես քեզ խաբում,
Կուզենայի իմանալ,
Բայց իրոք դեռ չգիտեմ:

Մի բան գիտեմ, սա հաստատ,
Որ ինձ շատ ես ամոքել,
Երբ խոսում էի իմ կյանքից,
Հրճվում էի քո գգվանքից,
Դու քո կյանքն էիր վտանգում,
Որ չմնամ ես անքուն,
Խիղճն ինձ հանգիստ նվիրի
Ու հոգիս էլ չավիրի:

Դու որպես մարդ ինձ համար
Մեծ գին ունես, լավ գիտեմ,
Իսկ թե ով եմ քո համար,
Հիմա արդեն չգիտեմ:

Գուցե շատ կան քո կյանքում
Իմ պես ընկերներ շարված,
Գուցե մեկն եմ նրանցից,
Ումից սիրտդ խիստ վառված,
Կամ թե ինձնով ես լցված,
Ու միակն եմ քո մտքում,
Որ մտքերով իմ տարված՝
Ուրիշ ես ինձ ընկալել,
Գուցե տվեցի հարված,
Երբ թողեցի քեզ մենակ,
Թող որ սիրտդ ինձ ների,
Ընկերոջ պես համբերի:

Գուցե տեսնես ինձ էլի,
Ուզես ատել բարկությամբ,
Կփոշմանես միգուցե,
Երբ խոնարհվեմ հեզությամբ,
Գուցե զղջաս, որ իմ դեմ
Չարացել ես քո սրտում,
Խոսքեր ասես դու գուցե
Խորն ապրումով ներումի,
Կամ էլ խփես անխնա,
Գուցեև, ո՞վ իմանա:

Ի դեպ, գուցե զգացել ես,
Կամ էլ գուցե չեմ ասել,
Բայց քեզ, սիրելի ընկեր,
Միշտ ինձնից վեր եմ դասել:

Գուցե տեսնում ես հիմա,
Թե ով եմ ես քո կողքին,
Թե սիրել ես ակամա,
Որպես միակ քո սրտին,
Բայց դե, ներիր, խնդրում եմ,
Այն չեմ, ինչ որ քեզ թվաց,
Պարզապես քեզ լոկ, ընկեր,
Սերն էի տալիս ինձ տրված:

Ու թե հանկարծ նկատես,
Շողքն իմ մտքի թե զգաս,
Իմացիր, որ այդ մտքում
Որպես ընկեր դու միշտ կաս:

Էլ չենք կարող մենք դառնալ,
Որպես իրար կողակից,
Բայց կյանքում լինենք իրար
Գուցե մի սեղանակից:

Գուցե լինենք, գուցե ոչ,
Պատասխանն այդ չգիտեմ,
Բայց որ թանկ ես ինձ համար,
Հավատա, այդ լավ գիտեմ:

Ռուբեն Կարոյան

Հեղինակի մասին

Ռուբեն Կարոյան

Ռուբեն Կարոյան