Ապրելակերպ

Աղբ, որից պետք է մաքրել առօրյա բառապաշարը

Ինքնաարտահայտման ամենավառ միջոցներից մեկը խոսքն է, որը պահանջում է հատուկ մշակված կուլտուրա:

Մեր օրերում, ցավոք սրտի, առօրյա շփմանը եկել են «օգնության» բազմաթիվ տգեղ արտահայտություններ, որոնք ոտնահարում են բոլոր բարոյահոգեբանական նորմերը և դարձնում մարդկային շփումը տաղտկալի:

Այսօր միգուցե երիտասարդների մեծ մասը դա համարի շփման ամենապարզ տարբերակը` զերծ ձևականություններից, բայց անցնել խոսքի կուլտուրայի վրայով, որը մեզ հասցնելու համար ջանք չեն խնայել մեր ուսուցիչներն ու մեր մեծ գրողները` համարում եմ անարդարացի:

Ընկերական նեղ շրջապատում արտահայտությունները, որոնցից մի քանիսը քիչ հետո ձեզ կներկայացնեմ, միգուցե ուղեկցեն ձեզ ձեր շփման ամբողջ ընթացքում և ձեզ հանդիմանող չգտնվի, սակայն հասարակական վայրերում բարձրաձայն նման արտահայտություններ անելը համարում եմ վիրավորական յուրաքանչյուր մարդու համար, ով սիրում է հայոց լեզուն և առօրյայում էլ տիրապետում է «գեղեցիկ արտահայտվելու արվեստին»:

Ահա և դրանցից մի քանիսը.

1. Լռվի տեղդ
2. Ճաքել էինք պատմածիդ վրա
3. Մի թռի դեմքիս
4. Յան տուր
5. Բացելաաա
6. Ոնց չի դզում
7. Կայֆավատ ըլնենք
8. Նատուռի
9. Հանեմ օդերով
10. Մի բլթցրու

Սիրելի՛ երիտասարդներ, այս ցանկը կարելի է անվերջ թվել, և որքան էլ ցավալի է, սրանք կան նաև հայ աղջիկների բառապաշարում:

Սա աղբ է, որից կարիք ունենք մաքրելու մեր լեզուն, մեր կյանքը, քանի որ ողջ մեր կյանքը կառուցվում է միմյանց հետ մեր շփման, մեր փոխհարաբերությունների հիման վրա:

Եկեք հարգե՛նք մեկս մյուսին, հարգենք ինքներս մեզ և մեր լեզուն, որն այնքա՜ն գեղեցիկ է, և պահպանե՛նք խոսքի կուլտուրան, որտեղ էլ որ կլինենք:

Իզուր չէ ականավոր բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն ասել.

Սիրում եմ քեզ, Հայո՛ց լեզու, մայրիկիս պես անուշ ես դու…

Հեղինակի մասին

Մերի Հովհաննիսյան

Մերի Հովհաննիսյան

Ավարտել է Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիան և Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Քրիստոնեական երգերի հեղինակ կատարող է: Հետաքրքրվում է գրեթե ամեն ինչով, բացի քաղաքականությունից: