Պատմություն Փիլիսոփայություն

Էթիկայի պատմությունը

Բարոյագիտությունը կամ էթիկան գիտություն է բարոյականության մասին: Անձի բարոյական աշխարհում ներառված են՝ բարության, ճշմարտասիրության, գեղեցիկի հանդեպ ձգտումը, պարտքի զգացումը, պատասխանատվությունը, իդեալները, խիղճը, արդարությունը, ազատությունը, ընկերությունը, սերը:

Էթիկան փիլիսոփայական ուսմունք է բարոյականության էության, նրա կառուցվածքի, զարգացման, գործառնությունների, օրենքների և հասարակության մեջ նրա ունեցած դերի մասին: Կարելի է ասել, որ էթիկան անձի բարոյական վարքի չափորոշիչ համակարգն է:

Ի՞նչ է փիլիսոփայությունը

Փիլիսոփայություն բառն ունի հունական ծագում։ Այն առաջացել է հունարեն «սիրել» և «իմաստություն» բառերից։ Այսինքն՝ փիլիսոփայություն թարգմանաբար նշանակում է «իմաստության հանդեպ սեր»։ Հայ մատենագրության մեջ «փիլիսոփայություն» եզրույթին զուգահեռ գործածվել է նաև «իմաստասիրություն» բառը։

Էթիկա տերմինն առաջին անգամ օգտագործվել է Արիստոտելի կողմից, այն փորձում է պատասխանել «Ի՞նչ պետք է մենք անենք» հարցին: Էթիկայի հիմնական նպատակը Արիստոտելը անվանում էր երջանկություն՝ հոգու գործունեություն լիարժեք բարերարությամբ, այսինքն՝ ինքնաիրացում: Մարդու ինքնաիրացումը խելամիտ արարքներն են, որոնք խուսափում են ծայրահեղություններից և պահում են ոսկե միջինը: Այդ պատճառով հիմնական բարերարությունը չափավորությունն է և խելամտությունը:

Էթիկայի ոսկե կանոնը՝ «Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կցանկանայիր, որ քեզ հետ վարվեին», գոյություն ուներ այս կամ այն տեսքով անկախ տարբեր մշակույթներում: Այն առկա է Կոնֆուցիոսի մոտ, հանդիպում է Միշնայում:

կշեռքՆախքան էթիկա բառի ի հայտ գալը, այն անվանվել է տարբեր ձևերով, բայց երբեք չի փոխել իր նշանակությունը: Անվանումներից են եղել՝ ինքնատիրապետում, բարու և չարի գիտություն, իմաստություն, հանճար, ինքնաիրացում, չափավորություն, խելամտություն և այլն: Ժամանակակից էթիկայի զարգացման և նրա լայն տարածման ու պրոպոգանդման կարևորության հիմքը դրեց Արիստոտելը:

Քանի որ մարդկությունը միշտ խնդիր է ունեցել փոխադարձ հասկացողության և խաղաղության, և շատ դիվանագետների ու փիլիսոփաների ուսումնասիրությունները եկել են այն եզրահանգման, որ միևնույն է՝ մարդուն չես կարող ուժով դաստիարակել և վերահսկել՝ ստիպելով նրան պահպանել անդորրը: Պարզապես հարց վեր հանեցին այն մասին, որ ավելի լավ է կառուցել դաստիարակչական դպրոցներ և կրթել մարդկանց, քան ծախսել ահռելի մեծ գումարներ զենքերի վրա և ունենալ մարդկային կորուստներ ու տգետ հասարակություն: Եվ հիմա շատ երկրներ կիրառում են բարոյագիտական այս քաղաքականությունը:

Էթիկան լուռ լեզու է, որի միջոցով կարող ես շատ բան հասկանալ և շատ բան ասել, եթե կարողանում ես տեսնել: Այն քո մարմնի լեզուն է, որր չես կարող փոխել խոսքերով, եթե քո լեզուն մեղմ հաճոյախոսում է քո մասին, իսկ քո վարվելաձևը, պահվածքն աղաղակում է քո իսկ իրական դեմքի մասին:
Դեռ չի հնացել հանճարեղ Սերվանտեսի այն միտքը. «Ոչինչ մեզ վրա էժան չի նստում, և ոչ մի բան այդքան թանկ չի գնահատվում, որքան պահվածքը»: Այո՛, ժամանակակից աշխարհում էթիկան նոր շունչ առավ, կրկին հիշեցրեց իր կարևորության և մարդկությունից անբաժան լինելու մասին:

Էթիկան և ուշ միջնադարյան Եվրոպան

15-րդ դարում Անգլիային և Ֆրանսիային անվանում էին էթիկայի դասական երկրներ, բայց չէր թույլատրվում ասել, թե դա նրանց իսկ սեփականությունն է: Այդ դարում դրսևորվող նրանց անտաշ պահվածքի, անհանդուրժողականության, ուժի բռնության և նմանօրինակ երևույթները հաշվի առնելով՝ դժվար է նրանց կիրթ անվանել: Գերմանիայում և սահմանակից եվրոպական երկրներում իրավիճակն առավել քան աննախանձելի էր: Բացառություն էր կազմում միայն Իտալիան, քանի որ Իտալիայում էթիկայի մշակույթը սկսել էր զարգանալ դեռ 14-րդ դարից:

Եթե 15-րդ դարի Իտալիան համեմատենք այդ նույն դարի եվրոպական երկրների հետ, ապա այն աչքի էր ընկնում իր բարձր կրթությամբ, հարստությամբ, մշակույթով և կյանքը գեղեցկացնելու ունակությամբ: Այդ ժամանակ Անգլիան պատերազմը պատերազմի ետևից էր մղում և մինչև 16-րդ դարակեսերը պատերազմական երկիր էր: Գերմանիան դաժանություն էր «դավանում», իսկ Ֆրանսիան բացի պատերազմից չէր ընդունում ոչ մի այլընտրանք, անգամ ոչ մի գիտության տեղ չէին տալիս և հալածում էին գիտնականներին:

Այսպիսով ողջ Եվրոպան գտնվում էր (վերա)ձևավորման փուլում, իսկ Իտալիան նոր մշակույթի երկիր էր: Եվ այդ երկիրին արդարացի էր կոչել էթիկայի հարազատ երկիր: Բայց ներկայիս ժամանակակից էթիկայի աշխարհում այդ անվանը արժանացան և՛ Ֆրանսիան, և՛ Անգլիան, և՛ շատ ու շատ նորանոր պետություններ:

Էթիկետ (ֆր. etiquette բառից – նշանակում է «պիտակ», «քարտ»), վարքաձևի, վարվելակերպի կանոնների ամբողջություն, կանոններ, որոնք արտահայտվում են մարդկային փոխհարաբերություններում (վերաբերմունքը միմյանց նկատմամբ, դիմելաձևերը, հասարակական վայրերում վարվելակերպը և այլն):

Էթիկայի և էթիկետի տարբերությունը

Էթիկան չունի պարտադրող ուժ, այն դեռ պետք է հստակեցվի, շտկվի, իրավիճակին համապատասխան կանոններ ձեռք բերի, հաշվի նստի ավանդույթների հետ և շատ հարցեր մշակի: Իսկ էթիկետը արդեն այդ ամենի մշակված տարբերակն է, այն ունի պարտադրող ուժ և թելադրում է հստակ կանոններ տվյալ իրավիճակի համար: Էթիկան ամենուրեք է՝ տանը, ընկերական միջավայրում, աշխատավայրում, հանգստյան վայրերում, որտեղ որ մարդ կա, նա այնտեղ է:

Արիստոտելը առանձնացրեց էթիկայի մի քանի ճյուղ, բայց շեշտադրումը դրեց նորմատիվային էթիկայի վրա, իսկ մնացած բնագավառները կրում էին գիտական բնույթ: Նորմատիվային էթիկան մարդու վարքագիծը կարգավորող, նրա արարքներն ուղղորդող, էթիկական բարության գնահատման չափանիշները հաստատող սկզբունքի (կամ սկզբունքների) որոնումն է:

Երկար սահմանումներից հետո, Արիստոտելը հասկացավ և այսպես սահմանեց իր աշակերտների համար. «Էթիկան մարդու անբաժանելի մի մասնիկն է, եթե ոչ՝ մարդը: Այն միմիայն մարդու համար է նախասահմանված, ինչպես արևը բնության համար, չկա արև՝ չկա և կյանք: Ճիշտ այդպես էլ, եթե չկա էթիկա՝ էթիկետի կանոններ, չկա նաև ճիշտ հասարակություն, մարդկություն:

Ո՞վ է սկզբում եղել՝ մա՞րդը, թե՞ էթիկան: Փիլիսոփայական նմանատիպ միտք է «հա՞վն է ձվից, թե՞ ձուն հավից» հարցը: Մի գյուղացի հստակ տվել է դրա մեկնաբանումը. «Սկզբում Աստված հավին ստեղծեց՝ ձուն դնելով նրա մեջ: Ճիշտ նույնն էլ մարդու հետ է. ստեղծելով նրան՝ Աստված էթիկան դրեց մարդու ներսում»:

Լինել մարդ դեռ քիչ է, պետք է լինել նաև մարդկային: Արիստոտել

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: