Փիլիսոփայություն

Ո՞ր համալսարանի վկայականն է ամենալավը

Մի վաճառական հայտարարել էր, թե իր խանութի համար աշխատող է հարկավոր:

Շատերը եկան, և վաճառականն ընտրեց մեկին:

– Ինչու՞ ընտրեցիր հենց դրան, – հարցրեց ընկերը, – չէ՞ որ ուրիշները հրաշալի վկայականներ ունեին, իսկ դու նրանց չընտրեցիր: Իսկ հենց դա ոչ մի վկայական չուներ:

– Սխալվում ես, – ասաց վաճառականը, – այս տղան շատ վկայականներ ուներ: Սենյակ մտնելուց առաջ ոտքերը սրբեց և դուռը ծածկեց անաղմուկ: Նշանակում է մաքրասեր է ու կարգապահ: Աթոռից վեր կացավ և տեղ տվեց տարեց մարդուն: Ուրեմն բարեսիրտ է և հարգում է հասակավորներին: Դեռ շեմքին` մտնելուց առաջ, դուռը թակեց, գլխարկը հանեց և կտրուկ պատասխաններ էր տալիս իմ հարցերին, ուրեմն քաղաքավարի է ու աչքաբաց: Կռացավ, վերցրեց հատակի գիրքը, որ ես դիտմամբ էի դրել հատակին, մինչդեռ, ուրիշները շրջանցում էին: Հանգիստ սպասում էր իր հերթին՝ չփորձելով ուրիշներից առաջ ընկնել, ուրեմն կրթված տղա է: Զգեստները, երեսն ու ձեռքերը մաքուր էին: Ի՞նչ ես կարծում, այս ամենը ամենալավ վկայականները չէի՞ն…

Ամենալավ վկայականը, սիրելի՛ ընթերցող, վարքի համալսարանն է, որտեղ կարող է ընդունվել յուրաքանչյուր մարդ և ձեռք բերել կյանքի համար ամենակարևոր վկայականը:

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: