Գիտություն և ՏՏ

Գիտնականները պարզել են, թե ովքեր են երջանիկ մարդիկ

«Թայմս» թերթը գրում է, որ մարդու երջանկության վրա էական ազդեցություն ունի այն հանգամանքը, թե նա որքան գումար է ծախսում բարեգործական նպատակներով:

Այն մարդիկ, ովքեր իրենց դրամական միջոցները միայն իրենց են ծառայեցնում, ավելի շատ են դժգոհում կյանքից: Այսպիսի եզրահանգման են եկել Կանադայի և ԱՄՆ-ի մի խումբ գիտնականներ` Էլիզաբեթ Դաննիի ղեկավարությամբ, ովքեր 632 ամերիկացիների շրջանում հարցում էին անցկացրել` պարզելու համար, թե նրանք որքան գումար են վաստակում, ինչպես են ծախսում իրենց գումարները և որքանով են երջանիկ:

Մեկ այլ փորձի ժամանակ նրանք 46 մարդու 5-20 դոլլար գումար էին տվել: Եվ դարձյալ պարզվել էր, որ նրանք, ովքեր իրենց գումարն ամբողջությամբ կամ մասամբ օգուտ ուրիշի էին ծախսել, արդյունքում շատ ավելի երջանիկ էին, քան նրանք, ովքեր ողջ գումարն օգտագործել էին բացառապես եսասիրական նպատակներով:

Հարվարդի բիզնես-դպրոցի պրոֆեսոր Մայքլ Նորթոնը «Գարդիան» ամսագրին տված հարցազրույցի ժամանակ ասել է. «Մարդկանց մեծամասնությունը կարծում է, թե որքան շատ գումար վաստակի, այնքան ավելի երջանիկ կլինի, սակայն մեր ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ եկամտի աճն աննշան չափով է բարձրացնում մարդու տրամադրությունը: Մինչդեռ, բարեգործական նպատակներով և նվերների վրա ծախսված նույնիսկ ամենափոքր գումարը կարող է իրական երջանկություն պարգևել»:
Կիսեցե’ք մարդկանց հետ Ձեր ունեցածի լավագույն բաժինը, և նրանց դա երբեք չի բավականացնի:
Բայց և այնպես` շարունակեք կիսել մարդկանց հետ Ձեր ունեցածի լավագույն բաժինը:

Վերջիվերջո Դուք կհամոզվեք, որ այդ ամենը եղել է Աստծո և Ձեր միջև, և ոչ երբեք Ձեր և նրանց միջև:

Բարությունը մարդկության փրկության օղակն է:  Մայր Թերեզա

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: