Հավատք Պատմություն

Մովսես Խորենացի` հատված 1 «Հայոց Պատմություն»-ից … Փրկչի ծնվելու ժամանակները …

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Աբգարի թագավորելը և հայերի ամբողջապես հարկատու դառնալը հռոմեացիներին։
Պատերազմ Հերովդեսի զորքերի դեմ և նրա Հովսեփին սպանելը։

Պարսից Արշավիր թագավորի քսաներորդ տարում թագավորում է Աբգարը` Արշամի որդին: Այս Աբգարոսը կոչվում էր «ավագ այր», իր առավել հեզության և իմաստության պատճառով,  հետո` նաև տարիքի: Այս բառերը հույներն ու ասորիները պարզ չկարողանալով արտասանել, նրան կոչեցին Աբգարոս: Սրա թագավորության երկրորդ տարում Հայաստանի բոլոր կողմերն էլ բոլորովին հռոմեացիների հարկի տակ են ընկնում, որովհետև, ինչպես ասված է Ղուկասի ավետարանում` Ավգոստոս կայսրից հրաման դուրս եկավ՝ ամբողջ տիեզերքում մարդահամար կատարել: Ուստիև Հայաստան էլ եկան հռոմեացիների գործակալները, որոնք իրենց հետ բերեցին Ավգոստոս կայսեր պատկերը և կանգնեցրեցին բոլոր մեհյաններում: Այս ժամանակներում ծնվում է մեր Փրկիչ, Աստծու` Որդին Հիսուս Քրիստոսը:

Այս ժամանակները խռովություն է ծագում Աբգարի և Հերովդեսի միջև, որովհետև Հերովդեսը հրամայեց հայոց մեհյաններում իր պատկերն էլ դնել կայսերական պատկերի մոտ, բայց երբ Աբգարն այս հանձն չառավ, ապա Հերովդեսն սկսեց նրա դեմ դավեր սարքել: Նա թրակացիների և գերմանացիների զորքերն ուղարկում է պարսից երկիրն ասպատակելու, բայց հրաման է տալիս նրանց Աբգարի երկրով անցնել: Բայց Աբգարը չհամաձայնելով` ընդդիմանում է, ասելով, թե կայսերական հրամանն այնպես է, որ այդ զորքը պետք է անապատով անցնի պարսից երկիրը: Հերովդեսը դառնանում է, բայց անձամբ ոչինչ չի կարող հաջողեցնել, տեսակ – տեսակ ցավերից բռնվելով, ինչպես պատմում է Հովսեպոսը, Քրիստոսի դեմ համարձակվելու  պատճառով, նա որդնալից եղավ:

Ուստի նա Աբգարի դեմ է ուղարկում իր Հովսեփ եղբորորդուն, որին տվել էր իր դստերը, ով առաջ եղել էր իր եղբոր Փերուրի կինը: Սա առնելով զորքի բազմությունը` գալիս հասնում է Միջագետք և հանդիպում է Աբգարին: Բուգնան զորանիստ գավառում. կռվի մեջ նա մեռնում է, և զորքը փախուստի է դիմում: Հենց այդ ժամանակ էլ մեռնում է և Հերովդեսը, իսկ Ավգոստոսը հրեից ազգապետ է նշանակում նրա Արքեղայոս որդուն…

Աբգարի վերադառնալն արևելքից և արետին օգնելը Հերովդես չորրորդապետի դեմ պատերազմելիս 

Երբ Աբգարն Արևելքից վերադարձավ, հռոմեացիների մասին լսեց, թե նրանք կասկածի մեջ են ընկել իր վերաբերմամբ, իբրև թե գնացել է Արևելք զորք բերելու: Ուստի նա հռոմեացիների գործակալներին գրեց իր Պարսկաստան գնալու պատճառը և տվեց տանելու նաև այն դաշնագիրը, որ կնքված էր Արտաշեսի և նրա եղբայրների միջև: Բայց նրանք չհավատացին նրան, մանավանդ որ Աբգարի մասին չարախոսում էին նրա թշնամիները – Պիղատոսը, Հերովդես Չորրորդապետը, Լյուսանիան և Փիլիպպոսը:

Իսկ Աբգարն իր Եդեսիա քաղաքը գալով` միաբանեց պատրիացիների Արետ թագավորի հետ, նրան օգնական զորք ուղարկելով մի ոմն Խոսրան Արծրունու միջոցով, որպեսզի Հերովդեսի դեմ կռվի: Որովհետև նախ Հերովդեսը կին էր առել Արետ թագավորի դստերը, ապա անարգելով բաց էր թողել, իսկ Հերովդիադային նրա ամուսնու կենդանության ժամանակ խլել էր, այս պատճառով էլ հաճախ Հովհաննես Մկրտչից հանդիմանվում էր, որի համար սպանեց Հովհաննես Մկրտչին: Իր դստեր անարգանքի պատճառով Արետը նրա հետ պատերազմ ունեցավ, որի մեջ հայոց քաջերի օգնությամբ Հերովդեսի զորքը չարաչար ջարդվեց, կարծես աստվածային տնօրինությամբ Հովհաննես Մկրտչի մահվան վրեժը լուծելու համար:

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: