Հավատք Պատմություն

Մովսես Խորենացի, հատված 2՝ «Հայոց Պատմություն»-ից: Աբգար թագավորի նամակը՝ Փրկչին

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Աբգարի կողմից իր իշխանների առաքումը Սաբինոսի մոտ, որի ժամանակ նրանք տեսնում են մեր Փրկիչ Քրիստոսին։

Այս ժամանակները կայսեր հազարապետ նշանակվեց՝ փյունիկեցիների, պաղեստինցիների, ասորիների և Միջագետքի վրա, Սաբինոսը` Ստորգեի որդին: Աբգարը իր գլխավորներից երկուսին, այսինքն, Աղձնիքի բդեշխ՝ Մար Իհաբին, և Ապահունիների տոհմի նահապետ՝ Շամշագրամին, և իր հավատարիմ Անանին ուղարկեց նրա մոտ՝ Բեթքուբին քաղաքը, բացատրելու համար՝ իր արևելք գնալու պատճառը, և ցույց տալու՝ Արտաշեսի և եղբայրների միջև կնքված դաշնագիրը, և նրա օգնությունն ու պաշտպանությունը խնդրելու:

Նրանք այնտեղից վերադառնալիս մտան Երուսաղեմ՝ մեր Փրկիչ Քրիստոսին տեսնելու համար, ում սքանչելագործությունների համբավը լսել էին, և իրենք էլ ականատես դառնալով` պատմեցին Աբգարին: Աբգարը զարմանալով, ստույգ հավատաց, որ նա արդարև Աստծու որդին է, նա ասաց. «Դրանք մարդու զորություններ չեն, այլ Աստծու, որովհետև մարդկանցից ոչ ոք չի կարող մեռելներ հարուցանել, այլ միայն Աստված»:

Եվ որովհետև նրա մարմինն ապականված էր չարաչար ախտերով, որոնց նա տիրացել էր Պարսկաստանում յոթ տարի առաջ և մարդկանցից բժշկություն գտնելու հնար չէր եղել, ուստի Քրիստոսին աղաչական թուղթ ուղարկեց, որ գա և իր ցավերը բժշկի, հետևյալ բովանդակությամբ.

Աբգարի թուղթը Փրկչին

«Աբգար Արշամի, աշխարհի իշխան, բարերար և Փրկիչ Հիսուսիդ, որ Երուսաղեմում հայտնվեցիր, ողջույն:
Լսել եմ քո մասին և այն բժշկությունների մասին, որ կատարվում են քո ձեռքով՝ առանց դեղերի և արմատների, որովհետև, ինչպես ասում են, դու կույրերին հնարավորություն ես տալիս տեսնել, կաղերին՝ քայլել, բորոտներին՝ մաքրում, չար ոգիները և դևերը հանում, և առհասարակ, երկարատև հիվանդություններով չարչարվողներին բժշկում ես, դու նաև մեռածներին ես կենդանացնում: Երբ այս ամենը քո մասին լսեցի, մտքումս դրի այս երկուսից մեկը՝ կամ դու Աստված կլինես, որ երկնքից իջել ես և այս բաներն անում ես, կամ Աստծու որդի կլինես, որ այդ անում ես: Այս պատճառով քեզ գրեցի՝ աղաչելով, որ նեղություն կրես, գաս ինձ մոտ և բժշկես իմ ունեցած հիվանդությունը: Նաև լսեցի, թե հրեաները քեզանից դժգոհում են և ուզում են քեզ չարչարել, բայց ես մի փոքր և գեղեցիկ քաղաք ունեմ, որ երկուսիս էլ բավական է»:

Թուղթ տանողները նրան հանդիպեցին Երուսաղեմում: Այս բանը հաստատում է և Ավետարանի խոսքը, թե. «Հեթանոսներից մարդիկ կային, որ եկել էին նրա մոտ»: Այս պատճառով լսողները չհամարձակվեցին ասել Հիսուսին, այլ ասացին Փիլիպպոսին և Անդրեասին, և նրանք ասացին Հիսուսին: Իսկ մեր Փրկիչը, ինքը հանձն չառավ գնալ այն ժամանակ, երբ Աբգարը նրան կանչում էր, այլ նրան արժանացրեց թղթի, որ գրված է հետևյալ ձևով.

Աբգարի թղթի պատասխանը, որ գրեց Թովմաս առաքյալը՝ Փրկչի հրամանով

Երանի նրան, ով ինձ հավատում է, ինձ տեսած չլինելով, որովհետև իմ մասին այսպես է գրված, թե որոնք ինձ տեսնում են, ինձ չեն հավատա, իսկ որոնք չեն տեսնում, կհավատան և կապրեն: Իսկ, որ դու ինձ գրեցիր, որ գամ քեզ մոտ, ես այստեղ պետք է կատարեմ այն բոլորը, որի համար ուղարկված եմ: Երբ այս բոլորը կկատարեմ, կհամբառնամ նրա մոտ, որ ինձ ուղարկեց, և երբ համբառնամ, քեզ մոտ կուղարկեմ իմ այս աշակերտներից մեկին, որ քո ցավերը բժշկի, և կյանք շնորհի քեզ և քեզ հետ եղողներին:

Այս թուղթը բերեց Աբգարի սուրհանդակ՝ Անանը և նրա հետ Փրկչի կենդանագիր պատկերը, որ մինչև այսօր գտնվում է Եդեսիայում:

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: