Ապրելակերպ

Ատամների և բերանի խոռոչի անձնական հիգիենան

Ատամների անձնական հիգիենան

Հայտնի է, որ ատամներ չլվանալը ու բերանի խոռոչի հիգիենային չհետևելը առաջացնում է մի շարք հիվանդություններ, փչացած ատամներն ու  ոչ հիգիենիկ բերանի խոռոչը կարող են մի շարք ինֆեկցիաների ներթափանցման պատճառ դառնալ, ինչպես նաև բերանի տհաճ հոտի առաջացմանը:

Ատամների գեղեցկությունը ենթադրում է ոչ միայն ճերմակ ատամներ, այլև առողջ լնդեր, ամուր էմալ: Կարևոր է նաև բերանի խոռոչի խնամքը:

Բերանի խոռոչի  հիգիենա

Ատամների որակյալ և ճիշտ, ինքնուրույն կամ անհատական մաքրումը ստոմատոլոգիական առողջության հիմնական գրավականն է:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այնպիսի հիվանդությունների հիմնական պատճառը, ինչպիսիք են ատամների կարիեսը, գինգիվիտը և պարօդոնտիտը, ատամների վրա առաջացած նստվածքներից են: Այդ մանրէներն իրենց կենսագործունեության ընթացքում արտադրում են թթուներ, որոնք ագրեսիվ ազդեցություն  ունեն և լնդերի վրա` առաջացնելով բորբոքում, և ատամների հյուսվածքի վրա` առաջացնելով կարիես:

Հենց այդ պատճառով էլ ստոմատոլոգները շեշտը դնում են ճիշտ, որակյալ և, գլխավորը, կանոնավոր, բերանի խոռոչի անձնական հիգիենայի պահպանման վրա:

Ատամները պետք է մաքրել ամեն օր 2 անգամ՝ առավոտյան նախաճաշից հետո, երեկոյան՝ քնելուց առաջ: Իսկ ամեն անգամ ճաշելիս կամ որևէ բան ուտելիս խորհուրդ է տրվում բերանը ողողել ջրով, ցանկալի է ջուրը լինի գոլ վիճակում:

Ինչպես  է  ճիշտ մաքրել ատամները

Ատամները պետք է մաքրել խոզանակի ուղղահայաց, կիսաշրջանաձև, ավլող շարժումներով, սկսելով ատամի հիմքից դեպի դուրս, նույնկերպ մաքրել ներսի մակերեսը, ատամների կտրող և ծամող մակերեսը:

Ատամների մաքրումը պետք է ավարտել լեզուն մաքրելով, քանի որ սննդի մնացորդները կուտակվում են լեզվի տակ պտկիկների արանքում և հիանալի միջավայր են դառնում մանրէների զարգացման համար: Նման գործողությունը օգնում է նաև նվազեցնել բերանից եկող հոտը:

Մասնագետները խորհուրդ են տալիս. ատամները մաքրելուց հետո մատներով կամ խոզանակով մերսել լնդերը շրջանաձև շարժումներով, այն լավացնում է արյան շրջանառությունը:

Սնունդը մեր բարեկամն ու միևնույն ժամանակ մեր ատամների թշնամին է

Պարզվում է, թարմ քամած հյութը, որն այդքան օգտակար է օրգանիզմի համար, մեր ատամների թշնամին է: Այն մրգային թթուներ է պարունակում, որոնք քայքայում են էմալը: Բայց իսկական թշնամիները գազավորված ըմպելիքներն ու կարամելային կոնֆետներն են, որոնց մեջ ոչ միայն թթուներ կան, այլև` շաքար, որը մանրէների սիրած ուտելիքն է:

Ատամների մաքրում հատուկ թելի միջոցով

Հատուկ թելի միջոցով կարող եք հեռացնել ատամնափառը և մանրէները, որոնք անհնար է հեռացնել ատամի խոզանակի միջոցով: Եթե Դուք թելով չեք մաքրում ատամները, ապա չեք մաքրում Ձեր ատամների մակերեսի ավելի քան մեկ երրորդ մասը: Ատամնափառը լնդային հիվանդությունների հիմնական պատճառներից մեկն է: Այն անտեսանելի բակտերիաներով լի թաղանթ է, որն օրեցօր զարգանում է Ձեր ատամների վրա: 24-ից 36 ժամվա ընթացքում թաղանթը կոշտանալով վերածվում է ատամնաքարի: Օրվա ընթացքում առնվազն մեկ անգամ թելով մաքրեք ատամները, և ատամնափառը երբեք չի վերածվի ատամնաքարերի:

Հարկավոր է խոզանակը փոխել 2-3 ամիսը մեկ անգամ:

Յուրաքանչյուր անգամ ատամները մաքրելուց հետո հարկավոր է լվանալ խոզանակը՝ այն մածուկից և սննդի մնացորդներից մաքրելու համար:

Մաստակ. ծամե՞լ, թե՞ չծամել

Այսօր շատերն են մաստակն օգտագործում որպես ատամների մաքրման  միջոց: Այն հիանալի միջոց է համարվում ատամները մաքրելու համար, երբ չկա որևէ հնարավորություն ատամները լվանալ կամ էլ ողողել:

Առանց շաքարի ծամոն կարելի է ծամել միայն ուտելուց հետո և կարճ ժամանակով՝ 15-20 րոպեից ոչ ավելի: Մյուս բաժնում կխոսենք մաստակի օգտակար և վնասակար հատկությունների մասին, ինչպես մի քանի էթիկետի կանոններ, որոնք պետք է պարտադիր իմանալ:

Պետք է սովորենք լավ բարեկամներ լինել ստոմատոլոգների հետ, գոնե  տարին երկու անգամ նրանց այցի գնալ:

Ինչպես ասել է Հիպոկրատը. «Բժիշկը մարդու թշնամին չի կարող լինել, նա  միայն մարդու բարեկամն է»:

Պահպանելով ատամները՝ պահպանում ենք և՛ մեր աջողջությունը, և՛ գեղեցկությունը:

Եղե՛ք առողջ և գեղեցիկ:

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: