Պատմություն

Առասպել մագաղաթի մասին

Հայաստան աշխարհի կարևոր հարստություններից մեկը հնագույն ձեռագրերի թանգարանն է՝ Մատենադարանը, որտեղ պահվում են երկար դարերի ընթացքում ստեղծված մագաղաթյա ձեռագրերը:

Դրանք գրված են մագաղաթի վրա, որն ստանում էին ոչխարի կամ հորթի կաշվից: Նրանք, ովքեր ստանում էին մագաղաթը, քերթում էին այդ կենդանիներին, այսինքն՝ քերթող էին: Հայերը քերթող են համարել նաև գրողներին, պատմիչներին: Օրինակ՝ հինգերորդ դարի պատմիչ Մովսես Խորենացուն անվանում են Քերթողահայր:

Երբեմն օտարականները զարմանում էին՝ տեսնելով, թե ինչպես են հայերը ստանում մագաղաթը: Կա մի հետաքրքիր առասպել, ըստ որի՝ մի անգամ Դվին քաղաքի արքունական սպանդանոցի առջև օտարերկրացի մի վաճառական զրույցի է բռնվում հայ իմաստասերի հետ:
– Ինչո՞ւ եք մորթել տալիս այս հինգ հարյուր ոչխարը, – հարցնում է նա:
– Մագաղաթի համար: Միսը կմնա մարդկանց, իսկ կաշվից մագաղաթ կպատրաստեն:
– Եվ այդքան մագաղաթից քանի՞ մատյան կգրվի:
Իմաստունը պատասխանում է.
– Մեկ հատ խոշոր գիրք:
– Իսկ արժե՞ գիրք գրել այս հացապակաս տարում, – զարմանում է վաճառականը, իսկ մտքում մտածում է. «Ի՛նչ անխելք մարդիկ են այս հայերը»:
– Մարդն ապրում է ոչ միայն հացով, – ասում է իմաստասերը, – հացի պակասից մարդու մարմինն է մեռնում, իսկ գրքի պակասից՝ հոգին:

Հոգու սովը ավելի կործանարար է, քան հացի: Մագաղաթյա մատյանները հայերի հոգևոր սնունդն ու հարստությունն են:

 

Հեղինակի մասին

Մերի Հովհաննիսյան

Մերի Հովհաննիսյան

Ավարտել է Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիան և Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Քրիստոնեական երգերի հեղինակ կատարող է: Հետաքրքրվում է գրեթե ամեն ինչով, բացի քաղաքականությունից: