Բանաստեղծություններ

Դու գարունից եկար

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Դու գարունից եկար,
Ու ոտքերդ շաղոտ են դեռ,
Կարմիր զգեստ հագիդ
Եվ արևներ ձեռքիդ եկար:

Դու գարունից եկար,
Որ կարոտը երբեք
Ինձ չտանի անցյալ,
Ու որ սիրեմ ներկան,
Քանզի դու կաս այստեղ:

Դու գարունից եկար,
Ու շուրթերդ մաքուր
Ինձ հեքիաթ են պատմում,
Եվ համբույրից համբույր
Քո հեքիաթից բացի
Ուրիշ հեքիաթ լսել
Էլ չեմ ուզում:

Դու գարունից եկար
Ու փակեցիր ձմռան
Դռները ցուրտ,
Ու քաղաքը զարթնեց
Ձնծաղիկներ գնող
Ու վաճառող մարդկանց
Ուրախ զրույցներից:

Առողջացան նրանք,
Ովքեր առողջ չէին,
Դժբախտները երջանկացան,
Հեռացողներն եկան,
Որ չգնան երբեք,
Եվ արբեցին բոլոր
Սթափ դատողները:

Դու գարունից եկար,
Ու հետքերդ նորից
Ինձ տանում են գարուն,
Ու թե մահն էլ ինձ այցելի,
Դարձյալ պիտի ապրեմ
Ու աշխարհին պատմեմ,
Որ գարունից եկար,
Ու ինչ-որ բան փոխվեց
Իմ անփոփոխ կյանքում:

Գարմար

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: