Հայ դասականներ

Ինչքան ասեն Աստված չկա…

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Ինչքան ասեն Աստված չկա՝ ավելի եմ հավատում,
Թեև չկա ոչ մի վկա, բայց էլի եմ հավատում,
Տիեզերքը հյուսող հրաշքն այնքա՜ն է վեհ ու գաղտնի,
Այնքան անդուռ, որ աներկբա վշտով լի եմ հավատում:

Չէ, ով լինի, ով չլինի՝ տիեզերքում մեկը կա,
Քանի կյանք կա՝ Աստված էլ կա, քանի մահվան տեգը կա,
Առանց գլխի մարմին չկա, հավատում եմ անհայտին,
Թեկուզ անտես, հավերժապես մշտագաղտնի ղեկը կա:

Ես մի գիշեր հանդիպեցի և խոսեցի Աստծո հետ,
Արտասվելով մարդու համար, ափսոսացի Աստծո հետ,
Հազարամյա երազներս շշնջացի երբ Նրան,
Ժպտաց, ու ես ողջ մի գիշեր երազեցի Աստծո հետ…

Երբ մտնում եմ եկեղեցի, որոնում եմ Աստծուն,
Հոգիս այլոց աղոթքով էլ վերանալ է լուռ փորձում,
Ծանր վիշտս թեթևանում, հայտնվում է Աստված,
Ասես հավերժ եմ արբենում, էլ միտքս մեղք չի գործում:

Ո՞ւր ես, ո՞ւր ես, ա՛խ, Աստված իմ, երազում եմ՝ հայտնվիր,
Երազում եմ գիշեր ու տիվ, աղերսում եմ՝ հայտնվիր,
Ա՜խ, հայտնվիր գեթ մի անգամ, գեթ մի վայրկյան, գեթ մի պահ,
Աղերսում եմ՝ արևի տակ, ա՜խ, մրսում եմ՝ հայտնվիր:

Հովհաննես Շիրազ

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: