Բանաստեղծություններ

Կարոտի երգ

YEREVANSTYLE
Հեղինակ՝ YEREVANSTYLE

Իմ լեռնավոր,
Իմ հեռավոր,
Մի՞թե էլ ես
Չեմ գալու ետ:

Քեզ սիրելը
Հեշտ է հեռվից,
Քեզ փրկելն է
Հեռվից դժվար:

Հազար անկուշտ,
Նեռ թշնամի,
Շուրջդ շղթա
Ու բույն դրած,
Քեզ փակել են
Նեղ վանդակում,
Սակայն դու դեռ
Պիտի ճախրես:

Իմ անծով, ծով
Իմ հայրենիք,
Ով քար ուներ
Նետեց շուտով,
Ով էլ չուներ
Փակեց ճամփեդ:

Դու լեռնացար
Դու դարձար ուժ,
Պատրաստ հավերժ մարտնչելու
Հանուն անամպ, լույս երկնքի,
Որ ցույց տվեց ազատության միակ ուղին.
Ուղի, որով անցել եմ ես,
Վեհ լռության, արձագանքի`
Աղբյուրներիդ ձայնն ունկերիս,
Խոր ձորերի բարձր վիհով,
Բարձրունքերիդ կատարներով,
Տաք արևիդ ցոլքն ուսերիս
Անցել եմ ես,
Ու դարձյալ քեզ չեմ ճանաչել…

Դու հար ապրող
Կյանքի աղբյուր,
Դու` սուրբ ակունք,
Իմ ծաղկած հող.
Մի՞թե էլ ես
Չեմ գալու ետ,
Որ միասին նորից քայլենք…

Գարմար

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: