Ապրելակերպ

Անձնական հիգիենա, էթիկետի կանոններ

Անձնական հիգիենա

Հիգիենայի կանոնների ամբողջություն, որոնց կատարումը նպաստում է մարդու առողջության պահպանմանն ու ամրապնդմանը։ Նեղ իմաստով, անձնական հիգիենան ընդգրկում է՝ մարմնի, սպիտակեղենի, հագուստի, բնակարանի, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ՝ մաքրության պահպանման հիգիենային պահանջները, որոնցից առաջնահերթը մարմնի մաքրության պահպանումն է։

Հաշվված է, որ 1 շաբաթվա ընթացքում մարդու մաշկի մակերևույթի վրա ճարպագեղձերն արտազատում են 100-800գ մաշկաճարպ, իսկ քրտնագեղձերը՝ 3,5-7լ  քրտինք։ Դրա համար մաշկը պետք է ժամանակին և կանոնավոր լվանալ, այլապես խանգարվում են նրա պաշտպանական հատկությունները և մաշկածածկույթներում մշտապես բնակվող միկրոօրգանիզմների փոխադարձ կապը, ստեղծվում են նպաստավոր պայմաններ՝ թարախածին մանրէների, մակաբույծ սնկիկների և վնասակար այլ միկրոօրգանիզմների բազմացման համար։

Մաշկը մաքրելու հիմնական միջոցները ջուրն ու օճառն են։

Լվացվելու համար օգտագործում են ձեռքի օճառ և (գերադասելի է) փափուկ ջուր։ Յուրաքանչյուրը պետք է իմանա իր մաշկի առանձնահատկությունները (չոր, ճարպոտ, բնականոն) և դա հաշվի առնի այն խնամելիս։ Ցանկալի է ցնցուղ ընդունել ամեն օր, հատկապես աշխատանքից հետո՝ կապված մաշկի կեղտոտման և ուժեղ քրտնարտադրության հետ։ Նույնը խորհուրդ է տրվում այն մարդկանց, ովքեր տառապում են ոտքերի (վառ արտահայտված) քրտնարտադրությունից։ Ջրի ջերմաստիճանը պետք է լինի՝ 37-38 °C-ից ոչ բարձր։ Եթե բնակարանը զուրկ է ջրամատակարարումից և ցնցուղային հարմարանքներից, ապա տաք ջրով և օճառով պետք է լվանալ մարմնի բաց մասերը, անոթային փոսերը, կաթնագեղձերի տակի մաշկը և հաճախակի փոխել սպիտակեղենը։

Լողանալիս (հատկապես սպունգ օգտագործելիս) մաշկը մերսվում է, լավանում է արյունամատակարարումը և մարդու ընդհանուր ինքնազգացողությունը։ Լողանալուց հետո օգտակար է մաշկածալքերը լոսյոնով մաքրելը։

Առավոտյան լողանալիս մաշկը պաշտպանվում է, իսկ երեկոյան լողանալիս այն մաքրվում է: «Առավոտյան ցնցուղը մարդուն արթնացնում է, իսկ երեկոյան ցնցուղը՝ հանգստացնում…», – Պիրոգով (Նիկոլայ Իվանովիչ Պիրոգով, ծնվել է 1810 թ-ի նոյեմբերի 13-ին՝ Մոսկվայում, Ռուսական կայսրությունում: Հայտնի է որպես Ռազմադաշտային վիրաբուժության հիմնադիր, ռուս գիտնական, վիրաբույժ, մանկավարժ և հասարակական գործիչ, Սանկտ-Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1847թ.)):

Գոյություն ունի նաև մազերի, դեմքի, ձեռքերի, ոտքերի, ատամների հիգիենա՝ խնամք, որոնց մասին կխոսենք առանձին:

Բոլոր դարերի բժշկությունը համոզված է, որ առողջությունը պահպանելն ավելի հեշտ է, քան այն վերականգնելը:

Հետևելով մեր հիգիենիայի էթիկետին՝ մենք պահպանում ենք մեր առողջությունը:

Եղեք առողջ:

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: