Հայ դասականներ

Ավետիք Իսահակյան. Աբու Լալա Մահարի

abu-lala-mahari-coverԱբու-Լալա Մահարի

Աբու-Լալա Մահարին,
Հռչակավոր բանաստեղծը Բաղդադի,
Տասնյակ տարիներ ապրեց
Խալիֆաների հոյակապ քաղաքում,
Ապրեց փառքի և վայելքի մեջ,
Հզորների և մեծատուների հետ սեղան նստեց,
Գիտունների և իմաստունների հետ վեճի մտավ,
Սիրեց և փորձեց ընկերներին,
Եղավ ուրիշ-ուրիշ ազգերի հայրենիքներում,
Տեսավ և դիտեց մարդկանց և օրենքները:
Եվ նրա խորաթափանց ոգին ճանաչեց մարդուն,
Ճանաչեց և խորագին ատեց մարդուն
Եվ նրա օրենքները:

Եվ որովհետև չուներ կին և երեխաներ,
Բոլոր իր հարստությունը բաժանեց աղքատներին,
Առավ իր ուղտերի փոքրիկ քարավանը` պաշարով ու պարենով,
Եվ մի գիշեր, երբ Բաղդադը քուն էր մտել
Տիգրիսի նոճիածածկ ափերի վրա,-
Գաղտնի հեռացավ քաղաքից…

ԱՌԱՋԻՆ ՍՈւՐԱՀ

Եվ քարավանը Աբու-Լալայի` աղբյուրի նմաillustration-to-poem-by-a-isahakyan-abu-lala-mahari-1936ն մեղմ կարկաչելով`
Քայլում էր հանգիստ, նիրհած գիշերով, հնչուն զանգերի անուշ ղողանջով:

Հավասար քայլով չափում էր ճամփան այն քարավանը ոլոր ու մոլոր,
Եվ ղողանջները ծորում քաղցրալուր` ողողում էին դաշտերը անդորր:

Մեղկ փափկության մեջ Բաղդադն էր նիրհում ջեննաթի շքեղ, վառ երազներով,
Գյուլստաններում բլբուլն էր երգում գազելներն անուշ` սիրո արցունքով:

Շատրվանները քրքջում էին պայծառ ծիծաղով ադամանդեղեն,
Բույր ու համբույր էր խնկարկվում չորս կողմ խալիֆների քյոշքից լուսեղեն:

Գոհար աստղերի քարավանները թափառում էին երկնի ճամփեքով,
Եվ ղողանջում էր ողջ երկինքն անհուն` աստղերի շքեղ, անշեջ դաշնակով:

Մեխակի բույրով հովն էր շշնջում հեքիաթներն հազար ու մի գիշերվա,
Արմավն ու նոճին անուշ քնի մեջ օրորվում էին ճամփեքի վրա:

Եվ քարավանը` օրոր ու շորոր, զնգում էր առաջ ու ետ չէր նայում.
Անհայտ ուղին էր Աբու-Լալային բյուր հրապույրով կանչում, փայփայում:

-Գնա, միշտ գնա, իմ քարավանս, և քայլիր մինչև օրերիս վերջը,-
Այսպես էր խոսում իր սրտի խորքում Աբու Մահարին, մեծ բանաստեղծը:

Գնա՛ մենավոր վայրերը թափուր, ազատ, կույս և սուրբ զմրուխտյա հեռուն,
Դեպի արևը սլացիր անդուլ, և սիրտս այրիր արևի սրտում:

Ախ, մնաք բարև չեմ ասում ես ձեզ, իմ հոր գերեզման, օրոցք մայրական,
Իմ հոգին հավերժ խռով է ձեզ հետ, հայրենական հարկ, հուշեր մանկական:

Ես շատ սիրեցի իմ ընկերներին, և բոլոր մարդկանց մոտիկ ու հեռու,
Իժ դարձավ խայթող իմ սերը հիմա, թույն-ատելությամբ սիրտըս է եռում:

Ատում եմ, ինչ որ սիրել եմ առաջ, ինչ որ տեսել եմ մարդկային հոգում,
Մարդկային հոգում` զազիր ու նանիր` համրել եմ հազար գարշանք ու նողկում:

Բայց ամենից շատ ատում եմ հազար ու մեկերորդը – կեղծիքը հոգու,
Որ զարդարում է անմեղ սրբերի լուսապսակով երեսը մարդու:

Մարդկային լեզու, դու, որ երկնային բույրով ու թույրով, շղարշով պայծառ
Ծածկում ես մարդու դժոխքը հոգու, ոգե՞լ ես արդյոք ճշմարիտ մի բառ:

Իմ սեգ քարավան, գնա, մխրճվիր անապատի մեջ` վայրի ու բոցոտ,
Եվ իջևանիր այն պղնձացած, շեկ ժայռերի տակ, գազանների մոտ:

Խփեմ վրանըս, օձ-կարիճների բըների գլխին վրանըս խփեմ,
Այնտեղ բյուր անգամ ես ապահով եմ, քան թե մարդկանց մոտ, կեղծ ու ժպտադեմ:

Քան ընկերի մոտ, ախ, որի կրծքին դնում էի ես գլուխըս սիրով,
Կուրծքը ընկերի, որ շղարշում է անդարձ կորստի անդունդը ստով:

Այնքան ժամանակ, որքան արևը կայրե Սինայի սնարները վես
Եվ անապատի դեղին շեղջերը հորձանքներ կտան ալիքների պես,-

Ես չեմ կամենա ողջունել մարդկանց, նրանց սեղանից պատառ չեմ կտրի,
Գազանների մոտ հացի կնստեմ, ողջույնը կառնեմ բորենիների:

Եվ գազանները թող ինձ հոշոտեն, վայրագ հողմերը շաչեն ինձ վրա,
Եվ այսպես, մինչև օրերիս վերջը, քարավանս անդարձ, գնա ու գնա… –

Եվ վերջին անգամ Աբու Մահարին ետ դարձավ նայեց նիրհած Բաղդադին,
Գարշանքով շրջեց ճակատը կնճռոտ և փարվեց ուղտի թավ պարանոցին:

Սիրով գուրգուրեց, ջերմ շրթունքներով համբուրեց ուղտի աչքերը վճիտ,
Եվ թարթիչներից նրա կախվեցին անզուսպ արցունքի երկու այրող շիթ:

Անուշ մրմունջով, նիրհած դաշտերով մեղմ օրորվում էր ձիգ քարավանը,
Գնում էր առաջ, դեպի անապատ, անհայտ ափերը, կույս-հեռաստանը:

Ընթերցել ամբողջը

Հեղինակի մասին

YEREVANSTYLE

YEREVANSTYLE

YerevanStyle.com-ը նորաստեղծ երիտասարդական ինֆորմացիոն-ժամանցային կայք է, որի նպատակն է մատուցել հետաքրքիր նյութեր և նորություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հայ հասարակության վրա և կտան նորանոր մտքեր: