Փիլիսոփայություն

Եթե տասը տարի առաջ այդպես վիրավորեիք…

Առակ և աֆորիզմներ լռության մասին

Մի անգամ իմաստուն ծերունին անցնում էր մի գյուղով: Նրա հակառակորդները հավաքվում են և սկսում ծեր իմաստունին վիրավորել: Նա շատ հանգիստ և լուռ անցնում էր գյուղի միջով: Վիրավորողներն ընկնում են հիմար կացության մեջ՝ չիմանալով, թե ինչպես վարվել: Նրանցից մեկը դիմում է ծեր իմաստունին.

– Էյ դո՛ւ, ծերու՛կ, ինչ է չե՞ս հասկանում, որ քեզ վիրավորում ենք:
– Հասկանում եմ և դրա համար էլ լռում եմ, – պատասխանում է ծեր իմաստունը:

-Եթե տասը տարի առաջ այդպես վիրավորեիք, ես կհարձակվեի ձեզ վրա և ձեր պես կվարվեի: Այն ժամանակ ես էլ ձեզ նման չէի հասկանում, թե ինչ եմ անում: Հիմա հասկանում եմ: Ձեր հիմարության պատճառով չեմ կարող ինքս ինձ հիմարեցնել: Դուք եք որոշում վիրավորել ինձ, թե ոչ: Բայց կընդունեմ ձեր վիրավորանքները, թե ոչ` արդեն իմ որոշումն է: Չնայած լռելն ու չպատասխանելը ինձանից մեծ ջանքեր պահանջեց:

Դուք չեք կարող ինձ հարկադրել, որ ընդունեմ այն:

Շպրտված խոսքը գնդակի նման է, կուզեմ կբռնեմ, կուզեմ այն բաց կթողնեմ: Ես դրանցից պարզապես հրաժարվում եմ, տալիս եմ ձեզ, դրանք իմ ուշադրությանն արժանի չեն: Պատճառն այն է, որ վիրավորված մարդն ինքն է սկսում վիրավորել ուրիշներին. ցեխ շպրտողի ձեռքերը չեն կարող մաքուր լինել…

  • Մարդուց ընդամենը երկու տարի է պահանջվում, որ խոսել սովորի, իսկ լռել՝ մի ամբողջ կյանք:

  • Մենք ավելի բարձր մակարդակի վրա ենք հայտնվում, երբ ուրիշներին, անկախ մեր նկատմամբ ունեցած վերաբերմունքից, լավ ենք վերաբերվում:

  • Լռությունը ոսկի է, իսկ հիմարության ժամանակ ասված ամեն մի խոսքը ոսկու կորուստ:

  • Լռությունը մեծ ընկեր է, որը երբեք չի դավաճանի: Կոնֆուցիոս

  • Ով չի կարող լռել, նա ի զորու չէ խոսել: Սենեկա

  • Մարդիկ սովորում են խոսել, սակայն մեծագույն արվեստը լռությունն է: Տոլստոյ

  • Մի պատասխանիր հիմարին նրա տխմարության համեմատ, գուցե դու էլ նրան նմանվես: Սողոմոն իմաստուն

  • Անգամ հիմարը, երբ լռում է, իմաստուն է թվում: Սողոմոն իմաստուն

  • Ավելի լավ է խորիմաստ լռել, քան անիմաստ խոսել: Փուբլիսիոս

  • Լռիր, կամ ասա մի բան, որ արժե ավելին քան լռությունը: Պյութագորաս

  • Ով ասելու բան չունի, ավելի լավ է լռի: Բելնիսկի

  • Կնոջը գեղեցկացնում է նաև լռությունը: Հոմերոս

  • Երբեմն լռությունն ավելի արտահայտիչ է, քան հազարավոր խոսքերը: Մոնտեքսյո

  • Լռությունն այնքան հետաքրքիր երևույթ է, որ կարելի է դրա մասին ժամերով խոսել: Ժուլ Ռոմեն

  • Բնությունը մարդուն տվել է մեկ լեզու և երկու ականջ, որպեսզի մենք լսենք ավելի շատ, քան խոսենք: Էպիկտետ

  • Ափսոս չկա որևէ ուսումնական հաստատություն, որտեղ  կսովորեցնեն լռել: Լ. Յակոկկա

Հեղինակի մասին

Մարգարիտ Խաչատրյան

Մարգարիտ Խաչատրյան

Ավարտել է Նիկոլաևի համալսարանի (Ուկրաինա) փիլիսոփայության բաժինը: Էթիկետի մասնագետ է, աշխատում է նորմատիվային էթիկայի բնագավառում՝ համագործակցելով սպասարկման ոլորտի կառույցների հետ: Ուսումնասիրում է հոգեբանություն և մարդաբանություն: Սիրում է միշտ մի նոր բան սովորել և շփվել մարդկանց հետ: