Սնունդ

Կարևոր է քո առողջության համար

Հատապտուղը ամռան խորհրդանիշն է: Հատկապես ամառային եղանակն է տալիս քաղցր ու վիտամիններով հագեցած պտուղներ: Դրանք տարբերվում են իրենց տեսակներով, այնպես որ յուրաքանչյուրը կարող է ընտրել իր նախընտրած համին ու տրամադրությանը համահունչ:

Հատապտուղները չափազանց օգտակար են առողջության համար։

  • Ելակն օգնում է գլխացավի ժամանակ: Չնայած իր քաղցր համին` ելակը շատ ավելի քիչ շաքար է պարունակում, քան լիմոնը: Կարգավերում է նյութափոխանակությունը, օգտակար է սրտի, անոթային, մարսողական համակարգի հիվանդությունների, սակավարյունության, աղիքային վարակներ դեպքում:
  •  Ազնվամորին հարթեցնում և սպիտակեցնում է մաշկի գույնը: Պարունակում է ֆրուկտոզա և գլյուկոզա, որոնք անհրաժեշտ են սրտանոթային համակարգին: Պտուղների թուրմը կիրառվում է գրիպի, մրսածության դեպքում:
  • Կարմիր հաղարջի պտուղները շատ օգտակար են աթերոսկլերոզի դեպքում:
  • Մոշն օգտագործում են ինչպես թարմ վիճակում, այնպես էլ մուրաբաների, ժելեների, հյութերի, օշարակների և թուրմերի պատրաստման համար:Օգտագործելով արմատների եփուկը կարելի է որոշ դեպքերում նույնիսկ լուծել օրգանիզմում առաջացած քարերը: Իսկ տերևները առողջարար ազդեցություն ունեն ստամոքսի լորձաթաղանթի վրա:
  • Մորին հարուստ է շաքարով, օրգանական թթուներով, ֆոսֆորով, C, B, E վիտամիններով,  եթերայուղով և այլն: Մորին խթանում է արյունատար անոթների աշխատանքը, վահանգեղձում կարգավորում յոդի պարունակությունը, օրգանիզմը մաքրում թունավոր նյութերից ու խոլեստերինի ավելցուկից:
  • Մասուրը թարմ վիճակում պարունակում է 470մգ վիտամին, իսկ չոր վիճակում՝ 1200մգ, այս պատճառով էլ դեռևս հնագույն ժամանակներից հայտնի է որպես բուժիչ հատապտուղ: Մասուրից պատրաստված ըմպելիքները և եփուկները խթանում են արյունաստեղծմանը, ունեն անոթալայնիչ հատկություններ, օգտակար են մի շարք հիվանդությունների դեպքում ( լեղաքարային, միզաքարային և այլն), բարձրացնում են վարակիչ հիվանդությունների նկատմամբ դիմադրողականությունը և այլն:
  • Սև հաղարջը վիտամին C-ի պարունակությամբ երկրորդ տեղն է զբաղեցնում մասուրից հետո: Պարունակում է նաև վիտամիններ B1, A , կալիում, երկաթ, օրգանական թթուներ և այլն: Օգտագործվում է ստամոքսի խոցի, երիկամային հիվանդությունների ինչպես նաև նյութափոխանակության խանգարման ժամանակ:

Վերջում միայն կավելացնենք, որ հատապտուղներն ամենահարմար եւ օգտակար աղանդերներն են՝ առատ սեղաններից օգտվելուց հետո, քանի որ դրանք չեզոքացնում են ճարպերի եւ շաքարների բացասական ազդեցությունը: Համաձայնեք, որ ավելի համեղ եւ հաճելի բուժամիջոց լինել չի կարող:

Հեղինակի մասին

Մերի Հովհաննիսյան

Մերի Հովհաննիսյան

Ավարտել է Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիան և Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Քրիստոնեական երգերի հեղինակ կատարող է: Հետաքրքրվում է գրեթե ամեն ինչով, բացի քաղաքականությունից: